ՀՀ վարչապետի աշխատակազմի բյուջեն ավելանում է, ԱԺ–ինը` կրճատվում. պատգամավորները մտահոգ են
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին խիստ մտահոգել է, որ 2026 թ. ՀՀ ֆինանսների նախարարությունը 68 մլն դրամով կրճատել է իրենց բյուջեն։ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2026 թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց, որ մյուս տարի ԱԺ–ին կհատկացվի 7,4 միլիարդ դրամ։
Այս հանգամանքը զարմացրեց հատկապես ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ «Ինչպե՞ս եք պատկերացնում մեր երկրում խորհրդարանական կառավարումը, երբ կրճատում եք ԱԺ ֆինանսավորումը։ Մանավանդ, պարոն Հովհաննիսյան, դուք հիմա եկել եք ԱԺ ու հայցում եք, որ մենք հաստատենք 2026 թ. այս բյուջեն»,– ասաց նա։
Հովհաննիսյանը պատասխանեց, որ կրճատումներ եղել են բոլոր մարմիններում` հատկապես ապարատային ծախսերի գծով։ «Մենք նպատակ ունենք օպտիմալացնել պետական կառավարման համակարգը. նույն արդյունքը կամ ավելի շատ արդյունք մենք կարողանանք ստեղծել ավելի փոքր ռեսուրս ծախսելով»,– ասաց նախարարը` ավելացնելով, որ յուրաքանչյուր գերատեսչությունում կրճատումների ծավալը 4 տոկոսի սահմանում է եղել։
Փոխարենը ֆինանսների նախարարությունը, օրինակ, ավելացնում է ՀՀ արդարադատության նախարարության 2026 թվականի բյուջեն 187 մլն դրամով` առաջարկելով 24.3 մլրդ դրամ։ Ամենից մեծ հատկացումները կլինեն ՀՀ վարչապետի աշխատակազմին, գլխավոր դատախազությանը և ԿԸՀ–ին։
ՀՀ վարչապետի աշխատակազմին 2026 թվականին կհատկացվի 1 մլրդ 520 մլն դրամով ավելի բյուջե, որը կկազմի 25 մլրդ 804 մլն դրամ։ «Սա հիմնականում պայմանավորված է մյուս տարի ՀՀ–ում պլանավորվող «Եվրոպական քաղաքական համայնքի» 8–րդ գագաթնաժողովի (COP) անցկացման ծախսերով, ինչպես նաև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական ոլորտում լաբորատոր փորձարկումների համար նախատեսվող հավելյալ գումարներով»,– բացատրեց Հովհաննիսյանը։