TRIPP նախագծի իրացումը կունենանք մեր նշած ժամանակահատվածում. Փաշինյան
Շարունակվում է ակտիվ աշխատանքը TRIPP («Թրամփի ուղի») նախագծի ռազմավարական շրջանակը ճշգրտելու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք փաստաթղթերի վրա աշխատում ենք, և ես կարող եմ ասել՝ իմ աչքաչափն ինձ հուշում է, որ մենք լավ տեմպով առաջ ենք գնում: Մենք մեր նշած ժամանակահատվածում արդեն կունենանք TRIPP նախագծի իրացումը, սկզբնական շրջանում՝ իրավական և հայեցակարգային փաստաթղթերի մշակում և ընդունում, հաջորդ փուլում՝ պայմանագիր, հաջորդում արդեն գործնական աշխատանքների իրականացում գետնի վրա»,- ասաց ՀՀ վարչապետը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրել են հռչակագիր, որի 4-րդ կետով, մասնավորապես, սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։
Ավելի ուշ ՀՀ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ «Թրամփի ուղու» շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2026 թվականի երկրորդ կեսին։
«Մինչև այս տարվա վերջ թղթի վրա պետք է նկարագրենք բոլոր մանրամասները։ 2026 թվականի առաջին կեսին պետք է համաձայնեցնենք, իսկ երկրորդ կեսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները։ Սա է պլանը»,– ասել էր վարչապետը։