Ընթերցողի սեղանին դրվեց իրանցի նշանավոր բանաստեղծ Ռումիի գազելների հայերեն թարգմանված ժողովածուն
Երևանի Կապույտ մզկիթում տեղի ունեցավ իրանցի միջնադարյան անվանի իմաստասեր, սուֆի և պոետ Ռումիի զազելների հայերեն թարգմանությամբ ժողովածուի շնորհանդեսը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իրանցի նշանավոր պոետի ստեղծագործությունները թարգմանել է գրող, լրագրող, թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը, ով նշեց, որ շատերն էին հետաքրքրվում ժողովածուի լույսընծայմամբ։
Նա բարձր գնահատեց հրատարակչական անձնակազմի իրականացրած աշխատանքը, որոնց հետ համատեղ ջանքերի շնորհիվ լույս է տեսել ժողվածուն։ Թարգմանիչը տեղեկացրեց, որ գրքի շնորհանդեսը նախատեսվում է նաև Գյումրիում, Կապանում և այլ քաղաքներում։
ՀՀ-ում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին նշեց, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում պարսից գրականության տարածման ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրվել։
«Այս ժամանակահատվածում և՛ դասական, և՛ ժամանակակից գրականությունը միշտ ուշադրության կենտրոնում է եղել։ Անգամ թարգմանվել են արտաքին քաղաքականությանը և միջազգային հարաբերություններին վերաբերող գրքեր։ Լիահույս եմ, որ մենք ջանքեր կգործադրենք երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը և համագործակցությունը առավել զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ։ Պետք է ընդգծեմ մեր հայ հայրենակիցների դերակատարությունը թարգմանելու հարցում և հարկ եմ համարում հենց այստեղ շնորհակալություն հայտնել իրենց»,-ասաց Իրանի փոխդեսպանը՝ թվարկելով այն հայազգի իրանագետների անունները, որոնք նշանակալի ներդրում են ունեցել հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման և երկու երկրների պատմության տարածման գործում։
Թահերին համոզմունք հայտնեց, որ ներկայում էլ այդ ուղին շարունակվում է, և իրանագետներն ու
գիտնականները նոր ներշնչանքով ու էներգիայով պահպանում են այդ ժառանգությունը՝ նոր հորիզոններ բացելով երկու երկրների մշակութային փոխգործակցության ասպարեզում։
Ժողովածուն տպագրվել է «Զանգակ» հրատարակչության կողմից, որի տնօրեն Էմին Մկրտչյանի խոսքով՝գրքի հրապարակումը պայմանավորված էր նաև իրանական մշակույթով ու գրականությամբ հետաքրքրվողների մեծ թվով, ինչը պարզ էր դարձել տարիներ առաջ Հաֆեզի գազելների ժողովածուի հրապարակումից հետո։
«Ընթերցողների համար ևս այս գրքերը ներշնչանքի աղբյուր են հանդիսանում և արդեն հասցրել են սիրվել։ Հուսով ենք, որ Ռումիի հրատարակությունը ևս կսիրվի և կզբաղեցնի ձեր գրադարանում իր տեղը՝ սիրեի գրքերի շարքում»,-ասաց Մկրտչյանը՝ հաջողված համարելով իրանցի բանաստեղծի գործերի ժողովածուի հրապարակման ուղղությամբ կատարված աշխատանքը։
Իրանցի բանաստեղծ Ռումիի ստեղծագործությունների գեղարվեստական արժեբանության վերլուծությամբ ու համաշխարհային գրականության մեջ դրանց ազդցության վերաբերյալ բանախոսությամբ հանդես եկան լեզվաբան, Վ.Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, արվեստագիտության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Իվեթ Թաջարյանը, ռումիագետ Մասուդ Սայեվանդը։
Շնորհանդեսն ուղեկցվեց բանաստեղծի գործերի ասմունքով և Իրանից ժամանած երաժիշտների՝ Ռումիի գազելների հիման վրա գրված երաժշտական կատարումներով։