Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնն արդեն 9-րդ անգամ համախմբում է կինոսերներին, ոլորտի մասնագետներին, բոլոր շահագրգիռ կողմերին։ Այս տարի այն անցկացվելու է հունիսի 25-29-ը։
Ավանդույթի համաձայն՝ այն Երևանից բացի, ընդգրկում է նաև հանրապետության քաղաքներից որևէ մեկը՝ նպատակ ունենալով մարզերում մշակութային կյանքը ևս ակտիվացնել։ Այս անգամ ծրագրում ընդգրկվել է Գյումրին։
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը նշեց, որ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 19։00-ին՝ Կինոյի տան մեծ դահլիճում։ Փառատոնի բացման ֆիլմն է «Մշուշը վերացել է»՝ ներկայացված Իրանից, ռեժիսոր Սեյեդ Ալի Ղասեմի:
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է 95 երկրից հայտեր։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 39 ֆիլմ՝ 22 երկրից։ Այսօր որակական առումով այնպիսի ֆիլմեր ունենք, որոնք ցուցադրում ենք Ա դասի՝ Վենետիկի, Բեռլինի, Կաննի և համանման այլ փառատոնների մրցութային ծրագրում մասնակցած և մրցանակակիր ֆիլմերի կողքին։ Ի դեպ, փառատոնը տարածաշրջանում առաջինն է, որ ընդունել է արհեստական բանականությամբ նկարահանված ֆիլմեր»,-ասաց Արտյոմ Բաղդասարյանը։
Կինոփառատոնի մրցութային ծրագիրը ներառում է՝ «Միջազգային ծրագիր», «Ազգային ծրագիր», «Ուսանողական ծրագիր»։