Հայաստանում քննարկում են ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտի նվաճումներն ու դրանց կիրառությունները
https://parstoday.ir/hy/news/armenia-i246934-Հայաստանում_քննարկում_են_ճառագայթման_և_մասնիկների_փոխազդեցության_ոլորտի_նվաճումներն_ու_դրանց_կիրառությունները
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 22-ին մեկնարկել է «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով 10-րդ միջազգային գիտաժողովը և ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը։
(last modified 2026-06-22T15:13:19+00:00 )
Հունիս 22, 2026 18:30 Asia/Tehran
  • Հայաստանում քննարկում են ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտի նվաճումներն ու դրանց կիրառությունները

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 22-ին մեկնարկել է «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով 10-րդ միջազգային գիտաժողովը և ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը։

Միջազգային գիտաժողովը և գիտական դպրոցը կազմակերպել է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։  Նպատակն է խթանել Հայաստանում առաջատար գիտական ուղղությունների զարգացումը և միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ձևավորումը։

Մեկ հարկի տակ են համախմբվել հայտնի գիտնականներ, հետազոտողներ և ուսանողներ Իտալիայից, Իրանից, Հայաստանից, Հունաստանից, Մալազիայից, Միացյալ Թագավորությունից, Չինաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից՝ քննարկելու  ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտում գիտական նվաճումներն ու դրանց կիրառությունները։

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Արամ Պապոյանն ասել է․ «Ներկայում Հայաստանը գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում իրականացնում է խորքային և լայնածավալ բարեփոխումներ։ Մեր նոր ռազմավարության առաջնահերթություններից է միջազգային համագործակցության ամրապնդումը։   Գիտությունն իր էությամբ միջազգային է, վեր է քաղաքականությունից և սահմաններից և մարդկության զարգացման կարևոր շարժիչ ուժերից մեկն է։  Ռազմավարության կարևոր ուղղություններից է երիտասարդ հետազոտողների ակտիվ ներգրավումը։ Միջազգային գիտական դպրոցը կնպաստի երիտասարդ գիտնականների ակտիվացմանը և նրանց ներգրավմանը միջազգային լայն համագործակցություններում։  Վստահ եմ, որ այս միջոցառումները կխորացնեն գիտական կապերը և կհանգեցնեն նոր համագործակցությունների»։

 

 

 

Միջազգային գիտաժողովը և գիտական դպրոցը կշարունակվեն հունիսի 23-24-ին՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, իսկ 25-28-ին՝ Ջերմուկում։ Կքննարկվեն տարբեր միջավայրերի հետ ճառագայթային փնջերի և մասնիկների փոխազդեցությունը, իոնացնող ճառագայթման աղբյուրներն ու դրանց կիրառությունները, ճառագայթային տեխնոլոգիաները հնագիտության, բժշկական ֆիզիկայի, բնապահպանության և աստղագիտության մեջ, ինչպես նաև ֆունկցիոնալ նյութերն ու բյուրեղների աճը։