Երևանում քննարկվել են ՀՀ–Իրան սահմանային թողունակության աճի, լոգիստիկայի զարգացման հարցեր
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։
Հանդիպումը նախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։
«Նիստի օրակարգում ներառված են եղել երկկողմ տնտեսական կապերի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ ճանապարհային տուրքերի վերանայումը, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն ու սահմանային անցակետերի թողունակության և գործունեության արդյունավետության բարձրացումը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդգծել է, որ գերատեսչությունը բարձր է գնահատում երկու հարևան պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը»,- նշել է փոխնախարարը։
Զաքարյանը հավելել է, որ սահմանային ենթակառուցվածքների համապատասխան վերազինումն ու արդիականացումը լրացուցիչ և լուրջ խթան կհանդիսանան երկու երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների հետագա աճի համար։
Միջգերատեսչական աշխատանքային հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հայկ Նազարյանը: