Հայ-իրանական լոգիստիկ միջանցքը կարող է հավասարակշռել TRIPP-ը. փորձագետի մեկնաբանությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i248538-Հայ_իրանական_լոգիստիկ_միջանցքը_կարող_է_հավասարակշռել_tripp_ը._փորձագետի_մեկնաբանությունը
Հայ-իրանական լոգիստիկ միջանցքի ստեղծումը կարող է հավասարակշռող գործոն դառնալ TRIPP նախագծի համար և բարձրացնել Հայաստանի դերը տարածաշրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Արա Պողոսյանը։
(last modified 2026-08-05T07:18:22+00:00 )
Օգոստոս 05, 2026 10:46 Asia/Tehran
  • Հայ-իրանական լոգիստիկ միջանցքը կարող է հավասարակշռել TRIPP-ը. փորձագետի մեկնաբանությունը

Հայ-իրանական լոգիստիկ միջանցքի ստեղծումը կարող է հավասարակշռող գործոն դառնալ TRIPP նախագծի համար և բարձրացնել Հայաստանի դերը տարածաշրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Արա Պողոսյանը։

Օրերս իրանական անգլալեզու Financial Tribune պարբերականը հրապարակել էր «Հնարավորությունների միջանցք. Իրանը և Հայաստանը նոր ուղի են հարթում տարածաշրջանային առևտրի համար» հոդվածը, որում խոսվում է Հայաստանը առանցքային տարանցիկ զարկերակի վերածելու Թեհրանի մասշտաբային ծրագրերի մասին։ Դա վերաբերում է ինչպես դասական լոգիստիկային (Պարսից ծոց - Սև ծով միջանցք), այնպես էլ գլոբալ էներգետիկ նախագծերին։

Փորձագետի գնահատմամբ՝ Իրանից Հայաստանով անցնող երթուղու ներառումը երկու երկրների լոգիստիկ քաղաքականության մեջ թույլ կտար ցրել Թեհրանի մտահոգությունները «Թրամփի ուղուց» բխող հնարավոր ռիսկերի վերաբերյալ։

«Եթե խոսքը նոր, այսպես ասած «այլընտրանքային» միջանցքի ստեղծման մասին է, ապա Հայաստանի դերը էապես կաճեր՝ հաշվի առնելով Իրանի լոգիստիկ և տնտեսական պոտենցիալը, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների հավանական մասնակցությունը բեռնափոխադրումներին։ Նման նախագծերը ռազմավարական նշանակություն ունեն ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի համար։ Հայ-իրանական լոգիստիկ միջանցքի ստեղծումը՝ լինի դա որպես հավասարակշռող գործոն, թե որպես հակակշիռ, իրական այլընտրանք կդառնար TRIPP-ին, որն Իրանը դիտարկում է որպես սպառնալիք»,-ասում է Պողոսյանը։

Նա հավելեց, որ այս թեմանԻրանի համար հատկապես արդիական է դառնում հենց հիմա՝ Թեհրանի ռազմավարության փոխակերպման ֆոնին։ Եթե նախկինում, մասնավորապես մինչև իրանա-իսրայելական հակամարտության ակտիվ փուլը, Իրանն առավելապես պասիվ արտաքին քաղաքականություն էր վարում, ապա հիմա բավականին դինամիկ և պրոակտիվ (կանխարգելիչ) կուրս է որդեգրել։ Այս համատեքստում տարածաշրջանային համագործակցությունը Իրանի համար առաջնահերթ նշանակություն է ստանում, քանի որ իրանական քաղաքականությունը մեծապես հենվում է Realpolitik-ի սկզբունքների վրա՝ առավելագույնս ռեալիստորեն դիտարկելով ինչպես բուն տարածաշրջանը, այնպես էլ դրանից դուրս գտնվող աշխարհը։

«Ստեղծված հանգամանքներում լիովին բնական է, որ Իրանն առաջին հերթին ուշադրություն է դարձնում տարածաշրջանին՝ փորձելով օգտագործել այնտեղ բացվող հնարավորությունները, միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ իր շուրջ «օղակը» սեղմվում է՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ վերջին շրջանում Պակիստանի կողմից։ Բավական է հիշատակել Պակիստանի զորքերի տեղակայումը Սաուդյան Արաբիայում՝ Իսլամաբադի և Էր Ռիադի ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Այս ամենն Իրանի հարաբերություններն այդ երկրների հետ բավականին խոցելի է դարձնում»,-կարծում է վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ սահմանն Իրանի համար ամենահուսալի հյուսիսային սահմանն է, և լիովին տրամաբանական է Երևան-Թեհրան հարաբերությունների հետագա խորացում սպասել։ Պողոսյանը նաև կարծում է, որ Իրանի մյուս հարևանները, որոնք մինչև հիմա չեզոքություն էին պահպանում Մերձավոր Արևելքի հակամարտությունում, կակտիվացնեն փոխգործակցությունը Թեհրանի հետ, որը ձգտում է տարածաշրջանային համագործակցության հիմք ձևավորել։

Պողոսյանը ընդգծում է, որ լոգիստիկայի ոլորտում Երևանի և Թեհրանի համագործակցության, ինչպես նաև Հայաստանը որպես տարանցիկ երկիր օգտագործելու թեման ամենևին նոր չէ։ Նա հիշեցնում է, որ 2020 թվականից հետո Իրանը Հնդկաստանի հետ համատեղ նախաձեռնություններ էր առաջ քաշում Չաբահար նավահանգստի (Իրանի հարավ-արևելքում՝ Օմանի ծոցում) զարգացման և ընդլայնման վերաբերյալ՝ այն խոշոր տարածաշրջանային հաբի և առանցքային տարանցիկ կենտրոնի վերածելու նպատակով։ Հայաստանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել այս գործընթացին մասնակցելու հարցում։