Շոյգուն Երևանին մեղադրել է ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Մոսկվայի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ընդլայնելու ուղղություն են որդեգրել։
ՌԴ ԱԽ գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում նա Երևանին մեղադրել է նաև ռուսական կապիտալով ձեռնարկությունների «ռեյդերական զավթման» մեջ։
Շոյգուի խոսքով՝ Հայաստանի հետ կապված իրավիճակն ամենացայտունն է Հարավային Կովկասում։ Նա հիշեցրել է, որ 1990-ական թվականներին Ռուսաստանն օգնել է Հայաստանին խուսափել տնտեսական և էներգետիկ կոլապսից, իսկ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության տասը տարիների ընթացքում նրա տնտեսությունն աճել է գրեթե երեք անգամ։
«Մինչդեռ ներկայիս իշխանությունները Ռուսաստանի հետ կապերը խզելու և Արևմուտքի հետ համագործակցությունն ամրապնդելու ուղղություն են որդեգրել»,- հայտարարել է նա։
Շոյգուն նաև մատնանշել է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունն ընդլայնելու Երևանի ձգտումը և հայկական իշխանություններին մեղադրել է տարածաշրջանային ինտեգրացիոն մեխանիզմների, առաջին հերթին՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառողական վերաբերմունքի մեջ։
ՌԴ ԱԽ քարտուղարն առանձին անդրադարձել է ռուսական բիզնեսի նկատմամբ ՀՀ իշխանությունների վերաբերմունքին։
«Ոչ բարեկամական գիծը և բացահայտ երկակի չափանիշները դրսևորվում են Հայաստանում աշխատող ռուսական բիզնեսի նկատմամբ։ Այն, ինչ տեղի է ունենում ձեռնարկությունների և ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդների ներդրումներ է կատարել, դժվար է անվանել այլ կերպ, քան «ռեյդերական զավթում»»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ Երևանն այդ ընթացքում «ակնհայտորեն անհեթեթ» փաստարկներ է բերում։ Շոյգուն օրինակ է բերել այն պնդումը, թե ռուսական կողմից հայկական երկաթուղիների կառավարումը խանգարում է Հայաստանին ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցերին։
Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ ֆինանսավորել Հայաստանի եվրանտեգրումը` հղում անելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը, ըստ որի՝ Երևանը պետք է կողմնորոշվի Եվրոպական միություն մտնելու և ԵԱՏՄ-ում մնալու միջև։
«Ռուսաստանը պատրաստ չէ և չի ֆինանսավորելու Հայաստանի եվրաինտեգրումը, և այդ ուղղությամբ յուրաքանչյուր քայլ ունի օբյեկտիվ հետևանքներ»,-հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Խոսելով ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին՝ Շոյգուն ԱՄՆ-ին և Եվրոպային մեղադրել է տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերը թուլացնելու ձգտման մեջ։
«ԱՄՆ-ն և Եվրոպան, ինչպես և նախկինում, ռազմավարական առումով շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի առավելագույն թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ։ Հաշվի առնելով այս միտումները՝ Ռուսաստանը պետք է գործի կետային, հասցեական՝ կոշտ կերպով պաշտպանելով իր շահերը»,- ասել է նա։
Շոյգուի խոսքով՝ արևմտյան երկրները փորձում են խզել Հարավային Կովկասի պետությունների կապերը Ռուսաստանի հետ և լարվածության օջախներ ստեղծել նրա սահմանների մոտ։ Նա պնդում է, որ դա տեղի է ունենում եվրոինտեգրման և արևմտյան քաղաքական ու մշակութային մոդելներին ինտեգրվելու քողի տակ, որոնք անվանել է «էությամբ գաղութատիրական»։
Որպես տարածաշրջանի գործերին Արևմուտքի միջամտության ևս մեկ օրինակ Շոյգուն նշել է Վրաստանը։
«Նրանք բացահայտ և անպատկառ ձևով փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Անդրկովկասում մենք դա կարող ենք տեսնել ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի օրինակով»,-հայտարարել է նա։
Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվում է մի շարք գործոնների ազդեցությամբ։ Դրանց թվում նա նշել է Հորմուզի նեղուցի շուրջ ճգնաժամը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, էներգակիրների գների աճը, հայ-ադրբեջանական հարաբերություններում փոփոխությունները և նոր քաղաքական դեմքերի հայտնվելը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Երևանի ուղղությունը դեպի եվրաինտեգրում, հայտարարել էր, որ հնարավոր չի համարում ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունն ավելի շուտ, քան այն երկրներինը, որոնք արդեն վաղուց թեկնածու են, մասնավորապես՝ Թուրքիան և Սերբիան։ Միաժամանակ նա հնարավոր էր համարել, որ Եվրոպական միությունը կարող է «խաբել» Հայաստանին անդամակցության հեռանկարի հարցում։
Լավրովը նաև նշել էր, որ Ռուսաստանը չի կարող դեմ արտահայտվել հայ ժողովրդի ընտրությանը հօգուտ եվրաինտեգրման, եթե նման ընտրություն իսկապես կատարվի։ Այդուհանդերձ, նրա խոսքով, նախ անհրաժեշտ է հասկանալ՝ գոյություն ունի՞ արդյոք նման հանրային ընտրություն։