Իրանն ու Հայաստանը կմշակեն առեւտրատնտեսական երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ծրագիր
IRNA – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ կմշակվի առեւտրատնտեսական համագործակցության երկարաժամկետ ռազմավարական ծրագիր։ Այս մասին նա հայտնել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Իրանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ Փեզեշքիանը ուրբաթ օրը, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, ընդգծել է երկու երկրների միջեւ հանքարդյունաբերության, առեւտրի, տնտեսության, զբոսաշրջության եւ մշակույթի ոլորտներում երկարաժամկետ ռազմավարական ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ նման ծրագրի իրականացումը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացմանը։
Փեզեշքիանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունների խորացումը կնպաստի տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը։
Անդրադառնալով բոլոր ոլորտներում կապերն ընդլայնելու Իրանի վճռականությանը՝ նա ընդգծել է, որ երկու երկրները պետք է համատեղ ջանքերով պայմանավորվածությունները կյանքի կոչեն։ Նրա խոսքով՝ մինչ այժմ արդեն զգալի աշխատանք է կատարվել, եւ հույս կա, որ իրականացվող քայլերը երկարաժամկետ բնույթ կունենան ու շոշափելի արդյունքներ կտան։
Ընդգծելով, որ Իրանը պատժամիջոցների ենթակա չէ, Փեզեշքիանը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է հասկանա՝ Իրանը, ապավինելով սեփական ժողովրդին եւ համակարգելով քայլերը հարեւան երկրների հետ, վճռականորեն շարունակելու է կապերը պահպանել աշխարհի հետ։
Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին՝ Իրանի նախագահն ասել է, որ Միացյալ Նահանգները խնդիրներ է ստեղծում ոչ միայն Իրանի, այլեւ ամբողջ աշխարհի համար։ Նրա խոսքով՝ եթե Վաշինգտոնը շարունակի այդ ուղին, իրավիճակն ավելի կվատթարանա բոլորի համար, ուստի ուժի փոխարեն նախընտրելի է երկխոսել տրամաբանության հիման վրա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին, անդրադառնալով Իրանի մշակութային ժառանգությանն ու պատմական անցյալին, նշել է, որ Հայաստանը ձգտում է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության։ Նա հավելել է, որ Հայաստանը քայլ առ քայլ ընդլայնում է հարաբերությունները հարեւան երկրների հետ՝ ձգտելով, որ այդ կապերը զարգանան փոխադարձ շահերի հիման վրա։
Փաշինյանը կարեւորել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը՝ նշելով, որ էներգետիկ ոլորտում համագործակցությունը մեծ ներուժ ունի, եւ ձգտում ենք այդ ուղղությամբ կապերն առավել ընդլայնելու համար։