Կենդանի ժառանգություն․ Իրանի և Հայաստանի մշակութային կապերը
Մշակութային ժառանգությունը միայն պատմական հուշարձաններն ու նյութական արժեքները չեն։ Այն ապրում է նաև սերնդեսերունդ փոխանցվող ծեսերում, ավանդույթներում ու արվեստներում։
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունից մինչև լավաշի թխման ավանդույթներն ու գրի արվեստը՝ Իրանի և Հայաստանի մշակութային ժառանգության այս դրսևորումները վկայում են երկու ժողովուրդների վաղեմի կապերի մասին։
2020թվականին Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը Հայաստանի և Իրանի համատեղ հայտով ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
Լավաշի պատրաստման հետ կապված ավանդույթները նույն ցանկում ընդգրկվել են երկու առանձին հայտերով՝ 2014 թվականին՝ Հայաստանի, իսկ 2016 թվականին՝ Իրանի մասնակցությամբ բազմազգ հայտով։
Հայկական տառարվեստն ու դրա մշակութային դրսևորումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկվել են 2019 թվականին, իսկ Իրանում ավանդական գեղագրության պահպանման ազգային ծրագիրը 2021 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության լավագույն փորձի գրանցամատյանում։
Հոկտեմբերի 17-ը՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը, առիթ է արժևորելու այն ավանդույթները, որոնք շարունակում են ապրել մարդկանց առօրյայում և պահպանել ժողովուրդների մշակութային կապերը։