ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը հզորացնում է Հայաստանի անվտանգությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i25210-ՆԱՏՕ_ի_հետ_համագործակցության_ընդլայնումը_հզորացնում_է_Հայաստանի_անվտանգությունը
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը կարող է ամրապնդել երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Միացյալ Նահանգների նախկին դիվանագետ դեսպան Քենեթ Յալովիցը՝ մեկնաբանելով Լեհաստանում սկսվող Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2016 09:20 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը հզորացնում է Հայաստանի անվտանգությունը

ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության ընդլայնումը կարող է ամրապնդել երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Միացյալ Նահանգների նախկին դիվանագետ դեսպան Քենեթ Յալովիցը՝ մեկնաբանելով Լեհաստանում սկսվող Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովը.

«Ողջունելի կլիներ, եթե Հայաստանը նույնպես քայլեր ձեռնարկեր այդ ուղղությամբ, քանի որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության սերտացումը կնպաստեր արտաքին քաղաքականության ոլորտում մանևրելու ազատությանը»:

Յալովիցի խոսքով՝ Արևմուտքում գիտակցում են, որ Երևանն առավել սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ.

«Միանշանակ հասկանալի է, որ Հայաստանը բարդ երկընտրանքի առջև է, սակայն այդ քայլերն առավել կավելացնեին Հայաստանի անկախության աստիճանը, և դա հենց այն է, ինչ Միացյալ Նահանգները կցանկանար տեսնել»:

Բուն գագաթաժողովը կենտրոնացած է լինելու երկու հիմնախնդրի վրա: Դրանք են Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարը և Ռուսաստանի կողմից հնարավոր վտանգների կանխարգելումը: Ռուսաստանի հետ հարաբերություններին է անդրադարձել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը.

«Մենք երբեք չենք ընդհատել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունը: Մեր անդամ-պետությունների ներկայացուցիչները հանդիպում են Ռուսաստանի տարբեր ներկայացուցիչների հետ»:

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, ապա այնտեղ ՆԱՏՕ-ի ներկայությունն այնքան զգալի չէ, առաջին հերթին՝ Մոսկվայի պատճառով, նշում է փորձագետ Դենիել Սերվերը.

«ՆԱՏՕ-ն պաշտոնապես չի ներգրավվում Սիրիայում և Իրաքում գործողությունների մեջ, քանի որ այնտեղ մեզ անհրաժեշտ է Ռուսաստանի համագործակցությունը, որը չի լինի, եթե այնտեղ լինի դաշինքը»:

Վաշինգտոնում նաև չեն կիսում կարծիքը, թե Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալը կարող է բացասաբար անդրադառնալ ՆԱՏՕ-ի վրա, նշում է ազդեցիկ սենատոր Բեն Քարդինը.

«Բրեքզիթն իրականություն է, որը չի փոխում հիմնական կարիքները: Եվրոպայում դա Ռուսաստանի վտանգին դիմակայումն է, Արևելքում՝ ահաբեկչության դեմ պայքարը: Մենք պատրաստ ենք հակազդել այս երկու վտանգներին և դուք կտեսնեք միավորված մի դաշինք»: