Լրագրողի հավատամքը ճշմարտությունն է, որը չունի սահման. Գալուստ Սահակյան
(last modified Thu, 08 Sep 2016 06:55:18 GMT )
Սեպտեմբեր 08, 2016 11:25 Asia/Tehran
  • Լրագրողի հավատամքը ճշմարտությունն է, որը չունի սահման. Գալուստ Սահակյան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ. տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Հարգելի՛ լրագրողներ,  շնորհավորում եմ ձեզ Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Լրագրողի հավատամքը ճշմարտությունն է, որը չունի սահման, այնպես, ինչպես ոչ միայն լրագրողների, այլև մարդկային համերաշխությունն ընդհանրապես: Այն նաև լրագրողներին համախմբող գաղափար-գործոն է: Որքան համերաշխ կլինեն նրանք այդ գործոն-գաղափարին դավանելու, այն լուսաբանելու և ընթերցողին հասցնելու հարցում, այնքան հզոր կլինի նրանց խոսքը, այնքան արժեքավոր կլինի այն ճշմարտությունը, որի կարիքը հասարակություններն ու պետություններն ունեն բոլոր ժամանակներում:

Հարգելի՛ լրագրողներ,

դուք ճշմարտությունն ամրագրում եք ոչ միայն թղթի վրա, եթերում կամ համացանցում, այլև, առաջին հերթին, մարդկանց գիտակցության մեջ: Հետևաբար, օբյեկտիվ և անաչառ տեղեկատվություն ներկայացնելը նաև պատասխանատվություն է մարդու և պետության ճակատագրի հանդեպ:

Պաշտպանելով ճշմարտությունը՝ դուք պաշտպանում եք այն լուսաբանելու, տեղ հասցնելու ձեր իրավունքը: Որքան համերաշխ ու միասնական լինեք այդ գործում, այնքան ավելի հասանելի կլինի ձեր տեղեկատվությունը, այնքան հավաստի կլինի ճշմարիտ խոսքը, այնքան հաստատուն կլինի ձեր քաղաքացիական դիրքորոշումը, այնքան ավելի պաշտպանված կլինեն ձեր իրավունքները, որոնք լայնորեն երաշխավորված են Սահմանադրությամբ և դրանից բխող օրենսդրությամբ:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ առողջություն, լավատեսություն և բարեկեցություն»,-ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

Tert.am