Հայաստանը մասնակցում է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին
https://parstoday.ir/hy/news/armenia-i70096-Հայաստանը_մասնակցում_է_Դամասկոսի_միջազգային_59_րդ_ցուցահանդեսին
Սիրիայում հուլիսի 17-ին մեկնարկել է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսը, որը գործելու է մինչև օգոստոսի 26-ը:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Օգոստոս 18, 2017 16:12 Asia/Tehran
  • Հայաստանը մասնակցում է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսին

Սիրիայում հուլիսի 17-ին մեկնարկել է Դամասկոսի միջազգային 59-րդ ցուցահանդեսը, որը գործելու է մինչև օգոստոսի 26-ը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսին ներկայացված են 43 երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, ինչպես նաև մի շարք արաբական, եվրոպական և ասիական պետությունների ընկերություններ և դեսպանություններ։ Դամասկոսի միջազգային ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևրտաարդյունաբերական պալատի և Սիրիա-հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։ Տաղավարի այցելուներին ներկայացվում է ՀՀ տնտեսությունը և զարգացման հեռանկարները, երկրում իրականացվող ներդրումային քաղաքականությունը, ինչպես նաև տրամադվրում տեղեկատվություն հիմնական արտադրողների, այդ թվում սննդամթերքի և ջրի, քարի արդյունահանման և վերամշակման, ոսկերչության և բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում աշխատող ընկերությունների մասին։ Հայկական տաղավարի բացումը կատարել է Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը՝ Սիրիա-հայկական գործարար խորհրդի անդամների մասնակցությամբ։ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կապակցությամբ նախօրեին տված իր հարցազրույցում դեսպան Փոլադյանն ընդգծել էր, որ վեցամյա ընդհատումից հետո ցուցահանդեսի վերագործարկումն առաջընթաց է պատերազմից ապաքինվող տնտեսության վերականգնման և հզորացման գործում։ Հայաստանի տաղավարը գտնվել է ցուցահանդեսի մասնակիցների և հյուրերի ուշադրության կենտրոնում։ Տեղեկանք: Դամասկոսի միջազգային ցուցահանդեսը Մերձավոր Արևելքում ամենահներից մեկն է և ունի ավելի քան 60 տարվա պատմություն։ Այն առաջին անգամ բացվել է 1954թ.-ին` 26 արաբական և օտար պետությունների մասնակցությամբ: Պատերազմից առաջ` Սիրիայում տնտեսական վերելքի տարիներին, Դամասկոսի ցուցահանդեսը դարձել էր տարածաշրջանայի և միջազգային նշանակության առևտրատնտեսական միջոցառում։ Սակայն 2011թ.ից ցուցահանդեսի գործունեությունը սառեցվել էր։

Armenpress.am