ՀՀ ՆԳՆ–ն արձագանքել է Իրանի դեսպանի մեղադրանքներին
ՀՀ ներքին գործերի նախարարությունը շարունակելու է խաղաղ հավաքների սպասարկումը օրենքով սահմանված կարգով։ Նախարարությունն այսպես է արձագանքել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիի հայտարարությանը։
Դեսպան Շիրղոլամին երեկվա ասուլիսի ժամանակ մեղադրեց հայկական կողմին դեսպանատան դիմաց ընթացող բողոքի ակցիաները թույլատրելու համար։ Եվ նշեց, որ թեև իրենք շարունակաբար տեղեկացրել են, բայց այդ գործընթացը շարունակվում է։
ՀՀ ՆԳՆ–ն իր «պարզաբանման» մեջ նշել է, որ ՀՀ–ն` որպես ժողովրդավարական պետություն, ՀՀ Սահմանադրության, «Հավաքների ազատության մասին» օրենքի և միջազգային պարտավորությունների շրջանակներում պարտավոր է չխոչընդոտել քաղաքացիների ազատ տեղաշարժի, խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրացմանը:
«Հարկ է նաև նշել, որ ՆԳՆ–ի կողմից բոլոր նշված հավաքները սպասարկվել են օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովվել է ինչպես հավաքների մասնակիցների, այնպես էլ դեսպանատան շենքի անվտանգությունը։ Նշենք նաև, որ հավաքներից մեկի ընթացքում մասնակիցներից մեկը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման»,– ասված է նախարարության հաղորդագրությունում։
Միևնույն ժամանակ ՆԳՆ–ից նշել են, որ ՀՀ-ն ապահովում է հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների, այդ թվում՝ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության անվտանգությունը և երաշխավորում է բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ։
Հիշեցնենք` Իրանում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ հիմնական պատճառները՝ փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը ։