Ուկրաինական պատերազմի ծանր ստվերը Կովկասի վրա. Ռուսաստանի նախազգուշացումը և Հայաստանի երկընտրանքը
Ուկրաինական պատերազմի շարունակումն ազդել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարումների վրա և, Մոսկվայի կողմից Երևանի վրա ճնշման աճին զուգընթաց, Հայաստանը կանգնեցրել է երկընտրանքի առջև՝ պահպանել Ռուսաստանի հետ ավանդական հարաբերությունները ,թե՞ ընդլայնել համագործակցությունը Եվրամիության հետ։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ՝ Ալեն Սիմոնյանի վերջերս Մոսկվա կատարած այցը և նրա հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կրկին ընդգծեցին Կրեմլի զգայունությունը Երևանի եվրոպական տեղաշարժերի նկատմամբ։ Լավրովը բացահայտ հայտարարեց, որ Եվրամիության հետ ինտեգրումը համատեղելի չէ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության հետ։ Դիրքորոշում, որը դիտորդների կողմից մեկնաբանվեց որպես լուրջ նախազգուշացում։
Այն դեպքում,երբ Նիկոլ Փաշինյանը փորձել է հավասարակշռված քաղաքականություն վարել Արևելքի և Արևմուտքի միջև և նույնիսկ առաջ է քաշել հանրաքվեի դիմելու հնարավորությունը, վերլուծաբանները կարծում են, որ ուկրաինական պատերազմի շարունակումն ավելի է սահմանափակել Հայաստանի ընտրության հնարավորությունները։ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների և վերջին տարիներին Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների միջև ուղիղ կապին, ընդգծել է, որ Ռուսաստանի ռազմական և քաղաքական ռեսուրսների կենտրոնացումը ուկրաինական ճակատում ազդել է Հարավային Կովկասում Մոսկվայի ազդեցության չափի և որակի վրա։
Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի դերի ապագան հետխորհրդային շրջանում հանգուցվել է ուկրաինական պատերազմի ճակատագրին։ Հաղթանակը կարող է հանգեցնել Մոսկվայի ազդեցության ամրապնդմանը, իսկ պարտությունը՝ հակառակ հետևանքների։ Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասի համար եվրոպական աջակցության ռեսուրսների նվազումը ևս բարդացրել է Հայաստանի ռազմավարական երկընտրանքը։