Ղասեմին հակադարձել է դեպի Գերմանիա «Մահան Էյր»-ի թռիչքների չեղարկումը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դեպի Գերմանիա իրանական «Մահան Էյր» ավիաընկերության չվերթների չեղարկումը շտապ, անպատճառաբանելի և երկու երկրների հարաբերություններում տիրող մթնոլորտին հակասող քայլ է որակել:
ԻԻՀ ԱԳ նախարարության լրատվական դիվանագիտության գերատեսչության հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին ասել է. «Գերմանական կողմի այս որոշումն առանց պատճառի և Իրանի ու Գերմանիայի միջև հարաբերությունների ընթացքից դժգոհող որոշ կողմերի թելադրած սխալ տեղեկությունների արդյունքում վերցված քայլ է»:
Ղասեմին հույս է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունն իրողություններն ուսումնասիրելով և ստացած տեղեկությունները վերանայելով, կփոխի իր որոշումը:
«Անկասկած որևէ տրամաբանություն չի կարող արդարացնել նման միակողմանի ու սխալ տվյալների վրա ընդունված որոշումները և գերմանական կողմերի հետ իրանական հիշյալ ընկերության համագործակցությունը քննարկելով պարզվում է, որ փոխհամագործակցության մեջ որևէ բացասական կետ չի կարելի գտնել»,- հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
Ավելի վաղ, «Ռոյտերզ» լրատվական գործակալությունը, հղում անելով Գերմանիայի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնատարի հաղորդել էր, որ այդ երկիրն ԱՄՆ-ի ճնշման ներքո չեղարկել է իրանական «Մահան Էյր» ավիաընկերության թռիչքները: