ԻԻՀ առաջնորդ.«ԱՄՆ-ի հետ բանակցելը ոչ մի արդյունք չունի»
Ապարդյուն համարելով ԱՄՆ-ի հետ բանակցելը, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Ամերիկացիների հետ բանակցությունից ոչ մի արդյունք չի ստացվելու, քանի որ նրանք անշուշտ ոչ մի զիջման չեն գնալու»:
Մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, նոյեմբերի 4-ին նշվող «Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի ազգային օրվա» նախօրեին, հազարավոր աշակերտների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Դիմացի կողմը Իրանցի պաշտոնյաների բանակցության սեղանի շուրջ նստելը համարում է Իսլամական հանրապետությանը ծնկի բերել և պնդելով բանակցության վրա, նպատակ ունի աշխարհին ասել, որ առավելագույն ճնշման ու շրջափակումների քաղաքականությունը վերջապես արդյունավորվեց և իրանցիները ծնկի եկան»:
Նշելով, որ Իրանում ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության և գերիշխանության ճանապարհը փակելը Իսլամական հանրապետության կարևորագույն պատասխանն է Վաշինգտոնի իշխանություններին, մեծարգո Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«ԱՄՆ-ի հետ բանակցության արգելքն այդ երկրի՝ Իրան մուտք գործելու ճանապարհը փակելու կարևորագույն միջոցներից մեկն է»:
Նշելով, որ ԱՄՆ-ի հետ Կուբայի ու Հյուսիսային Կորեայի ապարդյուն բանակցությունների նման փորձերից պետք է դաս քաղել, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հավելել է.«ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի ղեկավարները շատ սիրալիր վերաբերվեցին միմյանց նկատմամբ, բայց վերջում ԱՄՆ-ը ինչպես միշտ, չնվազեցրեց Հյուսիսային Կորեայի դեմ սահմանած պատժամիջոցները և ոչ մի զիջման էլ չգնաց»:
Խոսելով այն մասին, որ Ֆրանսիայի կառավարությունը շատ է ցանկանում միջնորդել Իրանի ու ԱՄՆ-ի միջև, գերապատիվ առաջնորդն ասել է.«Ֆրանսիայի նախագահը Թրամփի հետ մի հանդիպումը համարում էր Իրանի բոլոր խնդիրների լուծումը: Այս դեպքում պիտի ասել, որ այս անձնավորությունը շատ պարզամիտ է, կամ էլ ամերիկացիների կողմնակից»:
Իրանից ԱՄՆ-ի պահանջների ու սպասելիքների չափի մասին Այաթոլլահ Խամենեին ասել է.«ԱՄՆ-ի պահանջները երբեք վերջ չունեն»:
Անդրադառնալով Իրանի հրթիռային պաշտպանության ուժը սահմանափակելու կամ վերացնելու ԱՄՆ-ի ապարդյուն ջանքերին, ԻԻՀ մեծարգո առաջնորդը հավելել է.«Այսօր Աստծո կամքով և հայրենիքի երիտասարդների ջանքերի շնորհիվ , ունենք երկու հազար կմ հեռահարությամբ ճշգրիտ հրթիռներ, որոնք կարող են խոցել ցանկացած թիրախ»: