Խաթիբզադե. Այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի հարկադրանքի քաղաքականությունը շարունակվում է
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, Թվիթերում արած գրառման մեջ հեգնանքով անդրադառնալով Եվրոպայի ու Բայդենի վարչակազմի «մեղրամսին», նշել է, որ այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի հարկադրանքի քաղաքականությունը Թրամփի նախագահության օրոք չի սկսվել և նրա հեռանալուց հետո չի ավարտվել:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, Խաթիբզադեն Թվիթերում գրել է. «Նպատակ չունենք խանգարել որևէ մեկի «մեղրամսին», սակայն ըստ երևույթին, Պոմպեյի ոճով դիվանագիտությունը շարունակվում է»:
Նա հավելել է. «Սա պետք է արթնանալու կոչ լինի: Այլ երկրների նկատմամբ ԱՄՆ-ի հարկադրանքի քաղաքականությունը Թրամփի նախագահության օրոք չի սկսվել և նրա հեռանալուց հետո չի ավարտվել»:
Խաթիբզադեն գրել է. «Բարեկամական խորհուրդ Եվրոեռյակին և Եվրամիությանը. Մի քիչ համարձակ եղեք»: