Լահիջանն ու Սիսիանը կդառնան քույր քաղաքներ
Իրանի հյուսիսում գտնվող Լահիջանի քաղաքապետը հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսվում է ստորագրել Լահիջանի և Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի քույր քաղաքների համաձայնագիրը։ Այս քայլը կարող է ամրապնդել Իրանի և Հայաստանի միջև քաղաքային, մշակութային և տնտեսական համագործակցությունը։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Լահիջանի քաղաքապետ Ռեզա Զենդեդելը նշել է, որ Իրանի Գիլան նահանգի Լահիջանի և Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիանի միջև փոխըմբռնման հուշագիրը համագործակցության հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության, մշակույթի, գյուղատնտեսության, տնտեսության և քաղաքային կառավարման ոլորտներում։
Նա ընդգծել է, որ այս կապը չպետք է սահմանափակվի միայն արարողակարգային քայլով, այլ պետք է վերածվի գործնական ծրագրերի։
Լահիջանի քաղաքապետը, անդրադառնալով քաղաքի՝ որպես Իրանի թեյի մայրաքաղաքի և զբոսաշրջային ուղղության հնարավորություններին, առաջարկել է ակտիվացնել երկու քաղաքների տնտեսական և զբոսաշրջային ոլորտների ներկայացուցիչների կապերը, անցկացնել մշակութային շաբաթներ, կազմակերպել համատեղ ցուցահանդեսներ և քաղաքային կառավարման ոլորտում փորձի փոխանակում։
Զենդեդելը հավելել է, որ Սիսիանի դիրքը Սյունիքի մարզում և տարածաշրջանի՝ Իրանի սահմանին մոտ գտնվելը կրկնապատկում են այս համագործակցության կարևորությունը։