Չպետք է թույլ տալ՝ Հայաստանը բեմահարթակ դառնա այլ երկրների համար․ Իրանի հյուպատոս
https://parstoday.ir/hy/news/iran-i248826-Չպետք_է_թույլ_տալ_Հայաստանը_բեմահարթակ_դառնա_այլ_երկրների_համար_Իրանի_հյուպատոս
Հայաստանն ու Իրանը հազարավոր տարիների պատմական անցյալ ունեն, համերաշխ ապրել են կողք կողքի, ու չպետք է թույլ տալ երրորդ երկրներին միջամտել այդ հարաբերություններին։ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
(last modified 2026-08-11T14:21:47+00:00 )
Օգոստոս 11, 2026 17:49 Asia/Tehran
  • Չպետք է թույլ տալ՝ Հայաստանը բեմահարթակ դառնա այլ երկրների համար․ Իրանի հյուպատոս

Հայաստանն ու Իրանը հազարավոր տարիների պատմական անցյալ ունեն, համերաշխ ապրել են կողք կողքի, ու չպետք է թույլ տալ երրորդ երկրներին միջամտել այդ հարաբերություններին։ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

«Չպետք է թույլ տանք, որ չարակամ մարդիկ փորձեն փոխել այս ամենը։ Պատերազմից առաջ էլ եմ դա ասել (նկատի ունի իրանա-ամերիկյան վերջին դեպքերը․ խմբ․)․ չպետք է թույլ տանք, որ Հայաստանը դառնա բեմահարթակ ուրիշ երկրների ներկայացումների համար։ Ցավոք, նման բան տեսնում ենք ուրիշ երկրներում, նրանք վճարում են դրա համար՝ որոշ մարդկանց չարության համար։ Չնայած ես հավատացած եմ, որ Հայաստանի պետությունն ու ժողովուրդը բավականին զգոն են այս հարցի նկատմամբ, բայց պետք է միշտ զգուշանալ»,- նշեց իրանցի դիվանագետը։

Նա հավելեց, որ Իրանի նահատակված գերագույն առաջնորդ Ալի Խամենեին միշտ առանձնահատուկ է խոսել Հայաստանի ժողովրդի մասին։

«Ես դա երբեք չեմ մոռանում։ Հայաստանի ժողովուրդը շատ լավ ժողովուրդ է»,- նշեց հյուպատոսը։

Ինչ վերաբերում է Իրանի հայտարարած կարմիր գծերին, Մորթեզա Աբեդին Վարամինի խոսքով՝ դրանք չեն փոխվել ու չեն փոխվի։ Ընդ որում` կապ չունի, թե որ երկիրը կամ անձն է ցանկանում այդ կարմիր գիծը ոտնահարել՝ հարևանը, թե հեռու մի երկիր, Իրանը համապատասխան է արձագանքելու։

Զրույցում իրանցի դիվանագետն անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին, ինչպես նաև Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության հնարավոր բացմանը։ Օրերս Վլադիկավկազում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը հայտարարել էր, որ Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական բաժին բացելու հարցը։

Իրանցի դիվանագետն ընդգծեց, որ ռուս-իրանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ուստի երբ Կապանում բացվի ռուսական հյուպատոսությունը, վստահաբար երկու երկրների հյուպատոսարանները համագործակցության եզրեր կունենան։

«Գուցե դարեր առաջ պատերազմներ կամ անախորժ դեպքեր եղել են, բայց հիմա շատ լավ համագործակցում ենք։ Մեր նահատակ առաջնորդն էլ շատ հստակ էր այս հարցում․ ինքը միշտ երկխոսության մեջ էր Պուտինի հետ։ Եվ այս հարաբերությունները տարբեր ոլորտներում էին առաջ գնում։ Մենք էլ «Նավասարդ» փառատոնին էինք հրավիրել ռուս դիվանագետներին՝ ներկա լինելու, որովհետև մենք շփվում ենք ռուս դիվանագետների հետ, ունենք ընկերական հարաբերություններ։ Եթե ունենան հյուպատոսարան, բնականաբար, կհամագործակցենք»,- նշեց Մորթեզա Աբեդին Վարամինը։

Հավելեց, որ եթե այլ երկրներ էլ Սյունիքում որոշեն հյուպատոսություն բացել, իրենք կրկին պատրաստ են հարաբերվել, եթե կա փոխադարձ հարգանքի մթնոլորտ։

Իրանցի դիվանագետը, որը շուրջ մեկ ամսից կավարտի իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, անդրադարձավ նաև անցած 4 տարիների ընթացքում ունեցած գլխավոր ձեռքբերումներին և հաջողություններին՝ առանձնահատուկ շեշտադրելով «Նավասարդ» հայ-իրանական փառատոնը, որն այս տարի 5-րդ անգամ անցկացվեց։

Նրա խոսքով՝ նման փառատոներն ու միջոցառումները երկարաժամկետ ազդեցություն են ունենում, օրինակ դառնում նաև այլ ոլորտներում համագործակցության համար։ Հիշեցրեց՝ 5 տարի առաջ, երբ փառատոնը նոր էր անցկացվում, ընդամենը մի քանի իրանական տաղավար կար, իսկ այս տարի արդեն 42-ն էին։ Տարվա կարևոր ձեռքբերումը դարձավ նաև իրանական Լահիջան և հայկական Սիսիան քաղաքների միջև հուշագրի ստորագրումը՝ քույր քաղաքներ հռչակվելու վերաբերյալ։ Դիվանագետը վստահ է, որ սա հնարավորություն կտա ավելի ամրապնդելու երկու ժողովուրդների միջև կապերն ու մեկմեկու ավելի լավ ճանաչելու, փոխայցելություններն ակտիվացնելու։ Շուտով քույր քաղաքներ հռչակելու վերաբերյալ հուշագիր կստորագրվի նաև իրանական Ալվանդ և հայկական Քաջարան քաղաքների միջև։

«Բնականաբար, ազդեցիկ ենք եղել։ Մի քանի հազար տարվա բարեկամության հիմքեր եղել են, բայց հիմա ավելի ամրակայեցինք դրանք»,- նշեց հյուպատոսը՝ անդրադառնալով Սյունիքում իրենց կատարած աշխատանքին։

Նա հույս հայտնեց, որ իրեն հաջորդող գլխավոր հյուպատոսի օրոք էլ աշխատանքները կշարունակվեն, իսկ կապերն ավելի կամրապնդվեն։

Ինչ վերաբերում է իր դիվանագիտական ծառայության տարիների ընթացքում ունեցած անհաջողությանը, հյուպատոսը կատակեց՝ հայերեն չսովորելը։ Քանի որ ինքն առաջին հյուպատոսն էր, որի ուսերին էր դրված Սյունիքում հյուպատոսություն ձևավորելու և գործունեությունը կանոնակարգելու պատասխանատվությունը, ցավոք, հայերեն սովորելու ժամանակ չմնաց։

Նա տասնամյակների դիվանագիտական աշխատանքի ընթացքում տարբեր երկրներում է եղել՝ Ավստրալիայից մինչև Բելգիա ու Եմեն, բայց միակ երկիրը, որի հետ կցանկանար շփումները պահպանել թոշակի անցնելուց հետո, Հայաստանն է։