Գեներալ Իբն ալ-Ռեզա․ մենք որևէ նշանակություն չենք տալիս թշնամու սպառնալիքներին
Նշելով, որ ԱՄՆ-ի սպառնալիքներն աննշան են, Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար ընդգծել է, որ ԻԻՀ չի վախենում հնչեցվող սպառնալիքներից, իսկ երկրի պաշտպանական և տեխնոլոգիական ներուժը լիովին պատրաստ է ցանկացած սպառնալիքի դիմակայելու համար։
Հղում անելով IRIB-ին, Pars Today-ը հաղորդում է, որ բրիգադի գեներալ Սեյեդ Մաջիդ Իբն ալ-Ռեզան ասել է․ «Ամերիկացի որոշ պաշտոնյաներ կարծում են, թե սպառնալիքները կրկնելով՝ կարող են փոխել Իրանի վճռականությունը, սակայն խորապես սխալվում են։
Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից սպառնալիքների կրկնությանը՝ նա հավելել է, որ այն սպառնալիքների համառ կրկնումը, որոնց անհիմն լինելն արդեն ապացուցվել է դաշտում, ավելի շատ, քան ուժի դրսևորում, վկայում է նրանց հետախուզական և վերլուծական համակարգի թուլության և բանական գործելու կարողության կորստի մասին։
Գեներալ Իբն ալ-Ռեզան ընդգծել է․ «Թշնամին պետք է հասկանա այս շատ պարզ ու հստակ իրողությունը՝ Իրանի հետ չի կարելի խոսել սպառնալիքի լեզվով»։ Նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համակարգը և երկրի որոշումների կայացման համակարգը «որևէ նշանակություն չեն տալիս նրանց սպառնալիքներին», և այդ սպառնալիքներն ավելի շատ քաղաքական ուղերձներ են, քան իրական ռազմական հնարավորություններով օժտված սպառնալիքներ։
Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարը նաև ասել է, որ մեկ այլ պատերազմի բռնկման դեպքում Իրանը տեխնոլոգիական առումով ավելի հզոր կգործի, քան նախկինում, և երկրի պաշտպանական կարողությունների ցուցադրված մասը կազմում է պաշտպանական արդյունաբերության իրական ներուժի միայն մի մասը։
Նա ընդգծել է, որ Իրանը իր անվտանգությունն ապահովելու և շահերը պաշտպանելու համար ապավինում է ներքին կարողություններին և սեփական ներուժին։