Չինաստանի ներկայությունը Կովկասում. նոր հնարավորություն Հայաստանի տարանցիկ դերի համար
Վրաստանում չինական ներդրումների աճը, որի արդյունքում Պեկինը դարձել է երկրի խոշորագույն օտարերկրյա ներդրողը, վկայում է Կովկասում Չինաստանի տնտեսական ներկայության ընդլայնման մասին. միտում, որը կարող է նաև նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար՝ տարածաշրջանային տարանցիկ և առևտրային ուղիների առումով։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ն, 2026 թվականի երկրորդ եռամսյակում Չինաստանին է բաժին ընկել Վրաստանի օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալի 46,8%-ը, 219,5 միլիոն դոլարի չափով՝ այդպիսով դառնալով երկրի խոշորագույն օտարերկրյա ներդրողը։
Այս զարգացումն ընդգծում է Հարավային Կովկասի աճող նշանակությունը Չինաստանի առևտրային ուղիների համակարգում։ Այս համատեքստում՝ Հայաստանը կարող է օգտվել ստեղծված միտումից՝ զարգացնելով իր տրանսպորտային ենթակառուցվածքներն ու ամրապնդելով Իրանի հետ տնտեսական կապերը։
Հայաստանի կապակցումը իրանական ուղիներին այդ թվում՝ Չաբահարին, կարող է դիվերսիֆիկացնել Չինաստանի և ասիական այլ տնտեսությունների մուտքը դեպի Կովկաս, Ռուսաստան և եվրոպական շուկաներ։
Այս տեսանկյունից՝ Կովկասում Չինաստանի ընդլայնվող ներկայությունը ոչ միայն տնտեսական նշանակություն ունի Վրաստանի համար, այլև Հայաստանին հնարավորություն է ընձեռում բարձրացնել իր դիրքը տարածաշրջանային առևտրային ցանցում՝ ամրապնդելով իր՝ որպես տարանցիկ հանգույցի դերը։