Իրան. Տնտեսական ահաբեկչության դադարեցումն ԱՄՆ-ի ամենամեծ փորձությունն է
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը քննադատել է Բայդենի վարչակազմին՝ «առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունը» շարունակելու համար, հայտարարելով, որ Իրանի ժողովրդի դեմ կիրառվող տնտեսական ահաբեկչության դադարեցումը Վաշինգտոնի համար ամենամեծ փորձությունն է:
Ուրբաթ օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱԽ տարեկան զեկույցի քննարկման նպատակով կայացած նիստում, Մաջիդ Թախթռավանչին ներկայացրել է Իրանի դիրքորոշումը՝ 2020 թվականին Արևմտյան Ասիայում տեղի ունեցած իրադարձությունների և Անվտանգության խորհրդի հետ կապված գործողությունների վերաբերյալ:
Նա նշել է, որ ՀԳՀԾ-ից դուրս գալով, ԱՄՆ-ը կորցրել է ձգանի մեխանիզմը գործադրելու իրավունքը և այդ կապակցությամբ Վաշինգտոնի պահանջն անօրինական է և չունի իրավական, քաղաքական կամ գործնական ազդեցություն:
Թախթռավանչին նշել է. «ՀԳՀԾ-ի վերաբերյալ իր քաղաքականությունը փոխելու մասին ԱՄՆ ներկայիս վարչակազմի հայտարարությունները միայն խոսքեր են: Գործնականում այդ երկիրը շարունակում է Իրանի դեմ առավելագույն ճնշման քաղաքականությունը, ինչի հետևանքով, Իրանը չի կարողանում օգտվել արտերկրում գտնվող իր ֆինանսական միջոցներից և դեղորայք ներկրել:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը հավելել է. «Չնայած Վիեննայում ընթացող միջուկային բանակցությունները ՀԳՀԾ վերադառնալու ԱՄՆ-ի իրական քաղաքական կամքի դրսևորման առաջին օրինակն են սակայն ԱՄՆ-ի իրական փորձությունը ընթացքը փոխելն է, առավելագույն ճնշման ձախողված քաղաքականությունից հրաժարվելը և Իրանի դեմ կիրառվող տնտեսական ահաբեկչությունը դադարեցնելը»:
Անդրադառնալով Գազայի 12-օրյա պատերազմում իսրայելական կողմի իրականացրած հանցագործությունների շարունակմանը, Թախթռավանչին հավելել է. «Դժբախտաբար, Անվտանգության խորհուրդը միայն դիտորդի կարգավիճակում է»: