Ռոհանին կարևորել է Իրան-Հարավային Կորեա հարաբերություններում բանկային խնդիրների կարգավորումը
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Թեհրանում Հարավային Կորեայի նորանշանակ դեսպան՝ Յուն Կանգ Հյունի հավատարմագրի հանձնման արարողության ժամանակ, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ասել է. «Իրանը և Հարավային Կորեան շատ լավ հարաբերություններ ունեն, սակայն վերջին տարիներին մի շարք խնդիրներ են առաջացել»:
Նշելով, որ չնայած Հարավային Կորեայի խոստումներին, երկու երկրի միջև շարունակվում են բանկային ու ֆինանսական խնդիրները, ԻԻՀ նախագահն ասել է.«Բժշկական և դեղագործական սարքավորումների և անգամ կորոնավիրուսի պատվաստանյութի գնման համար դժվարանում ենք օգտվել Սեուլի բանկերում Իրանի կապիտալից»:
Ռոհանին ասել է.«Իրանի և Հարավային Կորեայի միջև ֆինանսական ճգնաժամը կործանարար ազդեցություն ունեցավ Հարավային Կորեայի նկատմամբ Իրանի ժողովրդի վստահության վրա, քանի որ կորոնավիրուսի պանդեմիայի դժվարին ժամանակներում Իրանի ժողովուրդը չկարողացավ օգտագործել իր ակտիվները կորեական բանկերում»:
Հանդիպմանը, Թեհրանում Հարավային Կորեայի նորանշանակ դեսպանն ասել է.«Տեղյակ եմ Թեհրան-Սեուլ հարաբերությունների նկատմամբ իրանցի բարեկամների հուսալքության մասին, և այսօր հատուկ առաքելություն ունեմ երկկողմ այդ հարաբերություններն ամրապնդելու համար»: