Իրանի ԱԳՆ խոսնակ. Ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը միջազգային անարդյունավետության հետևանք են
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը համարել է ներկա միջազգային իրավիճակի անարդյունավետության բնական հետևանքը:
Սաիդ Խաթիբզադեն չորեքշաբթի օրը ահաբեկչության զոհերի հիշատակի և հարգանքի միջազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձում նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է քաղաքական և տնտեսական ահաբեկչության տարբեր ձևերի թիրախ, հավելել է.«Իրանը կարողացավ ապացուցել, որ այս երկու չարաբաստիկ երևույթները՝ ահաբեկչությունը և ծայրահեղականությունը, միջազգային ներկա իրավիճակի անարդյունավետության բնական հետևանքն են»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Այսօր արևմտյան երկրների քաղաքացիական հասարակությունն այլևս շատ լավ հասկացել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների ռազմական արկածախնդրությունները ենթահող են ստեղծել ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի և Ջիբհաթ ալ-Նուսրայի ի հայտ գալու և նրանց աննախադեպ վայրագ ու դաժան բռնությունների իրականացման համար»:
Խաթիբզադեն ընդգծել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական է՝ կառուցել բռնությունից զերծ աշխարհ: Աշխարհ, որտեղ մարդիկ իրենք որոշեն իրենց ճակատագիրը, և ոչ մի ժողովուրդ մեկ այլ երկրի ձեռքի խաղալիքը չդառնա»: