Իրանի արտգործնախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ
Չորեքշաբթի օրը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում Ալիևը կարևորել է դիվանագիտական պատվիրակությունների փոխայցելությունների անհրաժեշտությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդմն համաձայն, Ադրբեջանի նախագահն ընդգծելով քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ասել է.«Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության օրակարգը լայն է և ես վստահ եմ, որ այս համագործակցությունը լավ արդյունքներ կունենա»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն անդրադառնալով Թուրքմենստանի մայրաքաղաքում Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպմանը և բանակցություններին, նշել է, որ այդ հանդիպումը բեկումնային էր և կարող է թափ հաղորդել երկու բարեկամ և եղբայրական երկրների հարաբերություններին։
Չորեքշաբթի օրը Իրանի արտգործնախարարը մեկօրյա այցով ժամանել է Բաքու: Այցի շրջանակում Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է ադրբեջանցի իր գործընկերոջ և այդ երկրի խորհրդարանի նախագահի հետ։