Ամիր Աբդոլլահյան. Դիվանագիտության ճանապարհը բաց է
Իրանի արտգործնախարարն ասել է.«Մենք կշարունակենք դիվանագիտության ուղին՝ արժանապատիվ, կայուն ու լավ համաձայնության հասնելու համար»։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր, արտաքին տնտեսական հարաբերությունների համակարգման շտաբի անդրանիկ նիստում, որը տեղի է ունեցել Իրանի ԱԳՆ-ում, ասել է. «Մենք ցանկանում ենք, որ պատժամիջոցները չեղարկվեն, բայց արժանապատվորեն և կայունության սկզբունքով: Իրանի նախագահը նախարարների հետ հանդիպումներում միշտ ընդգծել է, որ հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացվի ոչ թե Վիեննայի վրա, այն բանի, որ երկրում բոլոր կառույցներն աշխատեն պատժամիջոցների չեզոքացման և տնտեսության ու առևտրի կայուն զարգացման ուղղությամբ: Տեխնիկական հարցերի շուրջ մենք արդյունքների են հասել եվրոպական երեք երկրների հետ»,- նշել է նախարարը:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է.«Մոսկվա իմ այցի ժամանակ մենք պայմանավորվել ենք ռուսական կողմի հետ, որ Ռուսաստանը չի խոչընդոտի Վիեննայում ընթացող բանակցություններում համաձայնության կնքմանը»:
Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է. «Վերջին երկու-երեք շաբաթվա ընթացքում ամերիկյան կողմը չափազանց մեծ պահանջներ է ներկայացրել, որոնք հակասում են տեքստի որոշ դրույթներին։ Պատժամիջոցների վերացման ոլորտում, բանակցություններից դուրս, նրանք շահագրգռված են նոր պայմաններ առաջարկելու և պարտադրելու հարցում։ Իրանն իր կարմիր գծերի հարցում որևէ զիջման չի գնալու»: