Մենք մեր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. Իրանի նախագահ
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, հանդիպմանը զրույցն ընթացել է Հայաստան-Իրան բազմակողմանի համագործակցության շուրջ, ինչը խարսխվում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական ու մշակութային սերտ առնչությունների վրա:
Նախագահ Ռայիսին կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա ջերմ հարաբերությունների ամրապնդման գործում օրենսդիր մարմինների համագործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ տնտեսական հարաբերություններին եւ ենթակառուցվածքային համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնց զարգացման նախադրյալները շատ են:
«Պետք է նշեմ նաեւ, որ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը մեր օրակարգային կարեւորագույն հարցերի շարքում է»,- ասել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպմանը կարեւորվել են տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու ուղղությամբ Իրանի գործադրած հետեւողական ջանքերը:
«Մենք մեր բոլոր բարեկամների համար դժվար օրերի ընկեր ենք. դրանով ենք առաջնորդվում»,- նշել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին:
ՀՀ ԱԺ նախագահը փոխանցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ բարեմաղթանքները եւ Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերը:
armenpress.am