Գեներալ-մայոր Աբդոլլահի․ հակառակորդի նոր սպառնալիքներին Իրանի պատասխանը կործանարար կլինի
Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ հակառակորդի ցանկացած հաշվարկային սխալ, ինչպես նաև սովորական և նոր սպառնալիքները կարժանանան հեղափոխական, հուժկու, պատժիչ և կործանարար պատասխանի։
Ինչպես հայտնում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ալի Աբդոլլահին, Իրանի պաշտպանական արդյունաբերության օրվա՝ օգոստոսի 22-ի կապակցությամբ Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարարի պաշտոնակատար, գեներալ Սեյեդ Մաջիդ Էբնոլռեզային ուղղված ուղերձում նշել է, որ օգոստոսի 22-ը Իրանի տեղական և զսպող ուժի դրսևորման օրն է՝ անարդար պատժամիջոցների և «մանուկասպան իմպերիալիզմի» ճնշմանը դիմակայելու գործում։
Նա ընդգծել է, որ այս օրը հիշեցնում է Իրանի պաշտպանության նախարարության մասնագետների, գիտնականների և աշխատակիցների անխոնջ ջանքերի, ինչպես նաև այն բարձրաստիճան նահատակների մասին, որոնք հավատքի և գիտելիքի վրա հենվելով՝ երկրի պաշտպանական զսպման կարողությունները հասցրել են զարգացման բարձր մակարդակի։
Աբդոլլահին նշել է, որ պաշտպանական արդյունաբերությունը, որպես «ազգային հզորության» անփոխարինելի բաղադրիչ, առանցքային դեր ունի Իրանի անվտանգության և արժանապատվության ամրապնդման գործում։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին պաշտպանության նախարարությունում իրականացված աշխատանքը դուրս է գալիս ռազմական տեխնիկայի արտադրության շրջանակներից և իրենից ներկայացնում է «զսպող պաշտպանական արդյունաբերական հեղափոխություն»։
Նրա խոսքով՝ այդ ռազմավարական վերափոխումն ընդգրկում է նախագծում, տեխնոլոգիաների կառավարում, պաշտպանական տնտեսություն, գիտահեն արտադրության շղթա և խելացի արտադրության մոդել, որը երաշխավորում է ռազմաճակատում հաջողությունը։ Նա այն անվանել է այսօրվա և ապագայի պատերազմների բարդություններին տրվող խելացի պատասխան։
Ուղերձում նշվում է, որ այս զարգացումը հնարավոր է դարձել Իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլլահ Ռուհոլլահ Խոմեյնու ձևավորած ինքնաբավության գաղափարի և հեղափոխության առաջնորդի «իմաստուն առաջնորդության» շնորհիվ։ Նրա խոսքով՝ գիտական ինքնաբավության և զսպող հզորության ձևավորման վրա շեշտադրումը հիմք է ստեղծել ռազմական ոլորտում Իրանի պաշտպանական և հարձակողական մեծ ներուժի ի հայտ գալու համար։
Գեներալ-մայոր Աբդոլլահին ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը ցամաքային, ծովային, օդային, հակաօդային պաշտպանության, տիեզերական և կիբեռ ոլորտներում համակողմանի պատրաստվածությամբ ցանկացած հաշվարկային սխալի և հակառակորդի սովորական ու նոր սպառնալիքների կպատասխանեն հեղափոխական, հուժկու, պատժիչ և կործանարար հարվածներով։