ԻԻՀ նախագահ. Տարածաշրջանում Իրանի ներկայությունն անվտանգության երաշխիքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i180638-ԻԻՀ_նախագահ._Տարածաշրջանում_Իրանի_ներկայությունն_անվտանգության_երաշխիքն_է
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայությունը անվտանգության երաշխիք է համարել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2022 14:08 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայությունը անվտանգության երաշխիք է համարել։

Ներքին և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցում Իրանի Իսլամական Հանրապետության դերին, Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում Իրանի դերակատարությանը զուգահեռ, պետք է մեծանա նաև երկրի դերը տնտեսական և առևտրային ոլորտներում»:

Հպանցիկ անդրադառնալով Իրանի և Չինաստանի միջև 25-ամյա ծրագրի իրագործմանը, Ռայիսին նշել է, որ Չինաստանի հետ Իրանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ անկախ միջազգային միջավայրի ազդեցությունից։

Նշելով, որ Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է նաև Շանհայի և ԷԿՕ-ի կազմակերպություններին Իրանի անդամակցությունը և միջազգային համագործակցությունը հատկապես հարևան երկրների հետ, ԻԻՀ նախագահն ասել է.«Երկրների հետ հավասարակշռված հարաբերություններ ունենք և այդ հավասարակշռությունը միշտ մեր արտաքին քաղաքականության օրակարգում է, հատկապես հարևան և բարեկամ երկրների նկատմամբ»:

Իրանի միջուկային ծրագրի հետ կապված Սիոնիստական ​​ռեժիմի որոշ անհիմն հայտարարությունների և այդ կապակցությամբ Իսլամական Հանրապետության արձագանքի մասին  նախագահն  ասել է.«Միջուկային արդյունաբերությունը և կարողությունը Իսլամական Հանրապետության և Իրանի ժողովրդի իրավունքն է, և մենք բազմիցս հայտարարել ենք, որ միջուկային զենքը տեղ չունի Իսլամական Հանրապետության դոկտրինայում»։

Ռայիսին նշել է.«Իրանի միջուկային արդյունաբերությունն անհրաժեշտ է և կիրառվում է գյուղատնտեսության, նավթի և գազի, բժշկության և շատ այլ ոլորտներում: Սիոնիստական ​​ռեժիմն ի սկզբանե չէր ցանկանում, որ Իրանը ձեռք բերի այդ գիտելիքները, բայց այսօր, հակառակ նրանց կամքին, այդ գիտելիքը դարձել է տեղական և հնարավոր չէ այն խլել Իրանից»։

Պատասխանելով Թել Ավիվի սպառնալիքներին, ԻԻՀ նախագահն ասել է.«Արդյոք Սիոնիստական ​​ռեժիմին հաջողվե՞ց հաղթել դիմադրության ուժերին, նրանց քարերին ու հրթիռներին։ Արդյո՞ք այդ կեցվածքը համատեղելի՞ է այս սպառնալիքների հետ: Կարո՞ղ է արդյոք այդ ռեժիմն իրեն անվտանգ պահել: Այսօր բոլորը տեսել են, որ չնայած Գազայի բնակիչների պաշարմանը, նրանք պաշտպանվում են: Արդյոք  Սիոնիստական ռեժիմը կարո՞ղ է դիմադրել նրանց, ուր մնաց Իրանի մարտիկների դիմաց»:

Խոսքն ուղղելով Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներին, Ռայիսին նշել է.«Տեսեք, թե ինչ տարածություն կա որոշման և գործողությունների միջև, և եթե նրանք որոշեն գործել Իրանի դեմ, միգուցե գործելու ժամանակ չունենան, և այս որոշման և գործողությունների միջև եղած տարածությունը ցույց է տալիս, որ այս ռեժիմից ինչ-որ բան կմնա, թե՞ ոչ»:

Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության մեծացմանը, Ռայիսին ասել է. «Մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցություն է և զարգանում է տարբեր ոլորտներում»։

ԻԻՀ նախագահը նշել է, որ ներդրումներ են արվում էներգետիկայի, նավթի և գազի ոլորտներում և դրանց մի մասն իրականացվել է։

Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման բանակցություններում չորս հիմնական բաղադրիչներին, Ռայիսին ասել է.«Համաձայնագրում դիտարկվում է նախ՝ հուսադրող երաշխիքներ, երկրորդ՝ պատժամիջոցների վերացման օբյեկտիվ և գործնական ստուգում, երրորդ՝ պատժամիջոցների վերացումը իրապես և կայուն ձևով, և չորրորդ՝ լրացուցիչ արձանագրության վերաբերյալ քաղաքական պահանջների փակումը»։