Սիրիա. ԱՄՆ-ն չի կարող խաբուսիկ քայլերով փրկել իր դեմքը
Սիրիայի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որում անդրադարձել է այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների մի մասի ժամանակավոր դադարեցման մասին Վաշինգտոնի հայտարարությանը:
Al-Mayadeen-ի հաղորդմամբ՝ Դամասկոսն ԱՄՆ-ի հայտարարությունը որակել է որպես ապակողմնորոշիչ քայլ, պահանջելով անհապաղ և ամբողջովին չեղարկել Սիրիայի դեմ սահմանված ամերիկյան դաժան պատժամիջոցները։
Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ սա ԱՄՆ-ի հերթական ձևական որոշումն է, որի նպատակն է ստեղծել մարդասիրության տպավորություն, սակայն իրականությունն ապացուցում է ճիշտ հակառակը:
Հայտարարության մեջ ասված է. «Այս որոշումը վկայում է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ հակասիրիական պատժամիջոցների քաղաքականությանը և այդ երկրի կառավարությանը չի հաջողվի խաբել Սիրիայի ժողովրդին ու համաշխարհային հանրությանը և խուսափել երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրմանը խոչընդոտելու համար պատասխանատվությունից:
Նախարարությունը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին աջակցող երկրներին ու միջազգային կազմակերպություններին խնդրել է պահանջել լիովին չեղարկել այդ երկրի նկատմամբ սահմանված անմարդկային պատժամիջոցները ու վերջ տալ ԱՄՆ-ի խաղերին, որոնք նպաստում են միայն այլ երկրների ժողովուրդների վրա իշխելու Վաշինգտոնի քաղաքականության իրագործմանը