Ռայիսի. Թեհրան-Պեկին հարաբերությունների ամրապնդումը կնպաստի համաշխարհային անվտանգության խթանմանը
ՉԺՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը կնպաստի տարածաշրջանի խաղաղության հաստատմանը:
Երեքշաբթի օրը, Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով երկու երկրների միջև տնտեսական, առևտրային, գիտական, տեխնոլոգիական և մշակութային ոլորտներում հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունն Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Իրանի և Չինաստանի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության փաստաթղթի իրականացումը կարևոր քայլ է՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ:
Նշելով, որ երկու երկրները դժվար ժամանակների ընկերներ են, իսկ դժվար օրերի ընկերությունը դյուրացնում է այլ օրերի հարաբերություններն Էբրահիմ Ռայիսին ողջունել է Չինաստանի դիրքորոշումը՝ կապված ԻԻՀ տարածքային ամբողջականությունը հարգելու, ինչպես նաև միջազգային համակարգում միակողմանիությանը դիմակայելու հարցում և ընդգծել, որ անհրաժեշտ է աշխարհի տարբեր շրջաններում դիմակայել արտաքին միջամտություններին:
Բարձր գնահատելով Չինաստանի դրական և կառուցողական դերը՝ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում և անդրադառնալով ամերիկացիների կողմից համաձայնագրի խախտմանն ու եվրոպական երկրների կողմից իրենց պարտավորությունները չկատարելուն, ԻԻՀ նախագահն ասել է. «Արևմուտքը հերթական անգամ ձախողվեց՝ Իրանի կապակցությամբ սխալ հաշվարկների պատճառով, անտեղյակ լինելով, որ իրանցիներն առավել քան երբևէ, հպարտությամբ շարժվում են զարգացման ու առաջընթացի ճանապարհով»:
Անդրադառնալով երկու երկրների զարգացող հարաբերություններին, Սի Ծինպինը նշել է, որ ռազմավարական գործընկերության փաստաթղթի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը:
Նա հավելել է. «Չինաստանը հավատում է Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը»:
Դատապարատելով միաջզգային ասպարեզում Արևմուտքի միակողմանի ու բռնատիրական քաղաքականությունը, Չինաստանի նախագահը նշել է. «Ցավոք, այդ երկրները շարունակում են Սառը պատերազմի ժամանակաշրջանի սխալ քաղաքականությունը, սպառնալով միջազգային նորմերին և համաշխարհային խաղաղությանն ու անվտանգությանը»:
Նշելով, որ Չինաստանն աջակցում է Իրանի տարածքային ամբողջականությանը, Սի Ծինպինն ընդգծել է միակողմանիությանը, արտաքին միջամտությանը և տարածաշրջանում և աշխարհում անվտանգությանն ու կայունությանը սպառնացող վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունը:
Բարձր գնահատելով ահաբեկչության դեմ Իրանի մղած պայքարը, Չինաստանի նախագահը կարևորել է միջուկային համաձայնագրի հնարավորինս արագ գործադրումը՝ որպես վեճերի կարգավորման հարցում բազմակողմանիության ձեռքբերումներից մեկը: