Մարտ 23, 2023 19:07 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է  ընդունել 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը. Ալի Բաղերի Քանի

Իրանը պատրաստ է մոտ ժամանակներս ընդունել 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը։

Այդ մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է IRNA գործակալությունը։

Նշվում է, որ «Գրիգորյանն իր հերթին հայտարարել է, Երևանը ողջունում է տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված տարածաշրջանային նախաձեռնությունները և աջակցում է Իրանի կողմից 3+3 ձևաչափով հանդիպման անցկացմանը»:

Անդրադառնալով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, Բաղերին հայտարարել է, որ որ նրանք Կովկասում հետապնդում են միայն իրենց շահերը և նույնիսկ բանակցությունների սեղանն օգտագործում են որպես քող՝ անկայունությունը խրախուսելու ու լարվածություն ստեղծելու համար:

Գործակալության տվյալներով՝ Իրանի փոխարտգործնախարարն ու Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Ռուսաստանը Հայաստանի, տարածաշրջանի այլ երկրների հետ առաջ է մղում «3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան,Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան)։ Նրա խոսքով՝ «վրացական կողմը դեռ մտածում է այդ ձևաչափին միանալու մասին, սակայն առաջին հանդիպումը կայացել է, Թբիլիսիի դուռը բաց է մնում», այժմ աշխատանքներ են տարվում երկրորդ հանդիպումը 3+3 ձևաչափով հրավիրելու ուղղությամբ:

Լավրովն ավելացրել է, որ «Արևմուտքն արդեն ակտիվորեն աշխատում է այն բանի վրա, որ խաթարի այդ կառույցը, որը նոր-նոր է սկսել ձևավորվել»:

 

Պիտակ