Ռուսաստանը 1,3 միլիարդ եվրոյի պետական վարկ կհատկացնի Իրանում Ռաշտ- Աստարա երկաթգծի շինարարության համար
(last modified Wed, 17 May 2023 14:15:54 GMT )
Մայիս 17, 2023 17:45 Asia/Tehran
  • Ռուսաստանը 1,3 միլիարդ եվրոյի պետական վարկ կհատկացնի Իրանում Ռաշտ- Աստարա երկաթգծի շինարարության համար

Ռուսաստանի Դաշնությունը 1,3 միլիարդ եվրոյի միջպետական վարկ կհատկացնի Ռաշտ-Աստարա երկաթգծի շինարարության համար: Ինչպես եղեկացնում է «Интерфакс» գործակալությունն, այս մասին Թեհրանում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Նախագծի ընդհանուր արժեքը, նրա խոսքով, կազմում է 1,6 միլիարդ եվրո։

Նովակը հավելել է, որ ՌԴ-ն և Իրանը մտադիր են մինչև 2030 թվականը երկաթուղով տարանցումը հասցնել 15 միլիոն տոննայի: Նա պարզաբանել է, որ անցյալ տարի երկրների միջև բեռնաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5 մլն տոննա՝ հաշվի առնելով ավտոմոբիլային տրանսպորտը և մյուս երթուղիները։

«Մենք պայմանավորվել ենք, որ միայն երկաթուղով այս նախագծի իրագործումից հետո մեր ընդհանուր բեռնաշրջանառության ընդհանուր ծավալը տարեկան կկազմի առնվազն 15 միլիոն տոննա», - ասել է նա։

«Այսօր նաև պայմանագիր կստորագրվի առևտրային ընկերությունների միջև այս նախագծի իրագործման համար, կսկսվի նախագծումը և, համապատասխանաբար, կարծում եմ, որ նախագծման ավարտից հետո (դա կտևի մոտավորապես մեկ տարի) կսկսվի շինարարությունը», - ասել է Նովակը։

Ռուսաստանի Դաշնության և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էբրահիմ Ռայիսին այսօր մասնակցել են ԻԻՀ-ում Ռաշտ-Աստարա երկաթուղային հատվածի ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Ռուսաստանի ղեկավարը դրան միացել է տեսակապով։ Ռուսական կողմից արարողությանը ներկա է նաև փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։