Ամիր Աբդոլլահյան. Չմիավորման շարժումը պետք է աջակցի բազմակողմանիության ամրապնդմանը
Չմիավորման շարժման ԱԳ նախարարների հանդիպմանն ունեցած ելույթում, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Աշխարհում «օրենքի գերակայության» ամրապնդմանն ուղղված ջանքերին համահունչ՝ Չմիավորման շարժումը պետք է ավելի ակտիվ դեր խաղա միջազգային կազմակերպություններում»։
Iran Press-ի հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը «Չմիավորման շարժում. Միասնական և կայուն՝ նոր մարտահրավերներին դիմակայելու հարցում» խորագրով համաժողովում, որն ընթանում է Բաքվում, Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է. «Տարածաշրջանային մակարդակում Իրանն ապացուցել է, որ վստահելի գործընկեր է: Դրա օրինակն է ահաբեկչության դեմ պայքարում Իրանի համագործակցությունն այլ երկրների հետ և իրանցի զինվորների նահատակությունն ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ճանապարհին, այդ թվում՝ Իրաքում և Սիրիայում»:
Նա հավելել է. «Մեծ հերոս գեներալ Սոլեյմանին համարվում է ահաբեկչության դեմ պայքարի խորհրդանիշը։ Տարածաշրջանային մերձեցմանն ուղղված Իրանի հարևանության քաղաքականությունն ապացուցել է իր արդյունավետությունը: Մենք վճռական ենք շարունակելու հարաբերությունների և համագործակցության համակողմանի զարգացումն աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ մեր հարևանների հետ: Եվ մենք համոզված ենք, որ տարածաշրջանային խնդիրների լուծումը հնարավոր է միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ»։
Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Տարածաշրջանի և աշխարհի խաղաղության և անվտանգության դեմ ուղղված Իսրայելի կեղծ և օկուպանտ ռեժիմի կողմից զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքից բացի, ռեժիմը շարունակում է սիստեմատիկ բռնություն գործադրել պաղեստինցիների դեմ, սպանում կանանց և երեխաներին, ավերում տները և անարգում սրբավայրերն, այդ թվում՝ Ալ-Աղսա մզկիթը»:
ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է. «Ուկրաինայում և Կովկասում տիրող իրավիճակի կապակցությամբ պետք է ասեմ, մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք Ուկրաինայում պատերազմի դադարեցման և հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունը։ Մենք կարծում ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում վեճերը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով։ Այսօր Ադրբեջանի հարգարժան նախագահ պարոն Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ես պարզեցի, որ Բաքուն ձգտում է տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ համաձայնագրի վրա: Բաքվում նպատակ չունեն արգելափակել հարևան երկրներին»:
Նա նշել է. «ԻԻՀ նախագահը նույնպես ընդգծել է այս հարցի կարևորությունը: Իրանը նաև մշտապես ընդգծել է Հարավային Կովկասում առանց սահմանների փոփոխության վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Մենք հավատացած ենք, որ այս տարածաշրջանը կարող է դառնալ տրանսպորտային կապող օղակ տարածաշրջանի ներսում և դրա սահմաններից դուրս: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նպաստել այդ նպատակի իրականացմանը՝ օգտագործելով իր կարողությունները»։
Ամիր Աբդուլլահյանն ասել է. «Զարգացումը յուրաքանչյուր ժողովրդի իրավունքն է։ Մենք ուրախ ենք, որ շարժումը խստորեն դատապարտել է պատժամիջոցները և այլ միակողմանի հարկադրական միջոցներն աշխարհում և պահանջել դրանք վերացնել։ Միակողմանի պատժամիջոցներն անօրինական են, անմարդկային և տնտեսական ահաբեկչության վառ օրինակ: Դրանք ակնհայտորեն խախտում են թիրախ պետությունների մարդու իրավունքները»։