Իրանի նախաձեռնությունը վերականգնեց փոխվստահությունը տարածաշրջանի երկրների միջև. Բաղերի Քանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական գծով տեղակալն ընդգծել է, որ 13-րդ շրջանի կառավարության նախաձեռնությունը նոր պայմաններ է ստեղծել տարածաշրջանում և վերականգնել քաղաքական փոխվստահությունը տարածաշրջանի երկրների միջև։
Ալի Բաղերի Քանին ԻՍՆԱ-ի հետ զրույցում նշել է. -«13-րդ շրջանի կառավարությունը իր աշխատանքն սկսելուց ի վեր մշտապես շեշտը դրել է տարածաշրջանի երկրների, հատկապես Ասիայի մեծ տերությունների հետ հարաբերությունների զարգացման վրա»։
Նշելով, որ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ Իրանի փոխգործակցության և համագործակցության հարցը հարևանության քաղաքականության գլխավոր էտապներից է, Բաղերի Քանին ասել է. -«Արտաքին քաղաքականության ասպարեզում տարածաշրջանի երկրների, հատկապես ղեկավարների մակարդակով, քաղաքական փոխվստահության վերականգնմամբ և ամրապնդմամբ մենք ապահովում ենք տարածաշրջանի պետությունների միջև դեմ առ դեմ փոխգործակցությունը»:
Արտաքին գործերի փոխնախարարը նկատել է, որ այն ներմուծվող անվտանգությունը, որին ձգտում են օտար երկրները, ոչ էնդոգեն է, ոչ համապարփակ, ոչ էլ կայուն, սակայն օտարերկրյա պետությունների կամքից բխող անվտանգությունը և՛ արհեստական է, և՛ ժամանակավոր։
Բաղերի Քանի խոսքերով, Իրաքում և Աֆղանստանում ամերիկյան ուժերի և Հյուսիսատլանտյան դաշինքի՝ «ՆԱՏՕ»-ի և այլ օտարերկրացիների ներկայությունը բոլորին ապացուցեց, որ ներմուծվող անվտանգությունը ոչ կայուն է, ոչ էլ որևէ ձեռքբերում կարող է ունենալ։