Ռայիսի. Իրանն աջակցում է ապադոլարիզացմանն ուղղված՝ ԲՐԻԿՍ-ի քայլերին
ԲՐԻԿՍ խմբին անդամակցելու վերաբերյալ Իրանի հայտի հաստատումից հետո, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին, խմբի՝ Յոհաննեսբուրգում կայացած 15-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում հայտարարել է. «Իրանն աջակցում է ապադոլարիզացմանն ուղղված՝ ԲՐԻԿՍ-ի քայլերին»:
ԲՐԻԿՍ-ի ղեկավարները հայտարարել են, որ Իրանի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Արգենտինայի և Եթովպիայի անդամակցության հայտերն ընդունվել են և այդ երկրների լիիրավ անդամակցությունը նախատեսվում է սկսել 2024 թվականի հունվարից։
Գագաթնաժողովում ունեցած ելույթում, ԻԻՀ նախագահը հայտարարել է. «Իրանն աջակցում է ԲՐԻԿՍ խմբի անդամների միջև տնտեսական հարաբերություններից դոլարի կրճատման և ազգային արժույթների կիրառմանն ուղղված մեխանիզմներին»:
Անդրադառնալով ԲՐԻԿՍ-ին Իրանի անդամակցության օգուտներին, Ռայիսին հավելել է. «Այս անդամակցությունը նոր փուլի մեկնարկ է և միջազգային ասպարեզում արդարության, և կայուն խաղաղությանն ուղղված ևս մեկ քայլ»:
Նա նշել է. «Իմպերիալիզմը, անարդարությունը, խտրականությունը և բարոյական ճգնաժամը աշխարհը բարդ դրության մեջ են դրել»:
Նշելով, որ ԲՐԻԿՍ-ը միջազգային հարաբերություններում փոփոխության և զարգացման խորհրդանիշ է, ԻԻՀ նախագահն ասել է. «ԲՐԻԿՍ-ը կարող է օգնել լուծել համաշխարհային հանրության խնդիրները, և խմբի նկատմամբ համաշխարհային վստահությունն աճում է»:
Ասելով, որ Իրանը պատրաստ է ԲՐԻԿՍ-ի բոլոր 5 անդամների հետ քաղաքական և տնտեսական համագործակցության, Ռայիսին հավելել է. «Վերջին շրջանում մենք ականատեսը եղանք այդ համագործակցությունների զարգացման: Իրանն ունի մեծ հնարավորություններ և պատրաստ է համագործակցել քաղաքական, անվտանգության, տնտեսական, ֆինանսական և սոցիալական ոլորտներում»:
Նշելով, որ ռասիստական քաղաքականությունից և ճնշումներից, օկուպացիայից և պետական ահաբեկչությունից բխող անապահովության շարունակությունը համաշխարհային մարտահրավերներից են, Ռայիսին ասել է. «Այս քաղաքականությունները Պաղեստինի ժողովրդին զրկել են ոչ միայն ինքնորոշման, այլ նաև զարգացման իրավունքից»։