Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը մեկնել է ԱՄԷ
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանից մեկնել է Աբու Դաբի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով։
Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ խորհրդարանական, տնտեսական և առևտրային համագործակցությունը, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների երաշխավորումը կլինեն Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի և ԱՄԷ պաշտոնյաների բանակցությունների առանցքում։
Մինչ Աբու Դաբի մեկնելը, Ղալիբաֆը, նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը առաջնահերթություն է համարում հարեւանների հետ բարեկամական հարաբերությունները, հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանական և տնտեսական համագործակցությունը կուժեղացնի Թեհրան-Դուբայ հարաբերությունները։
Վերջին ամիսներին, չնայած քաղաքական և տարածաշրջանային ոլորտներում առկա որոշ վիճահարույց հարցերին, Իրանն ու ԱՄԷ-ն ցանկանում են կառավարել հարաբերություններն այնպես, որ կանխեն լարվածության աճը և օգտագործեն երկու երկրների առկա կարողությունները, հատկապես առևտրային և տնտեսական ոլորտներում: