Գեներալ-մայոր Բաղերի. Իրանի ժողովուրդը դրական օրինակ է աշխարհի ազատախոհ ժողովուրդների համար
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-մայոր Բաղերին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը դրական օրինակ է աշխարհի ազատախոհ ժողովուրդների համար:
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 4-ին Իրանում նշվող «Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի» ազգային օրվա կապակցությամբ ուղերձում Բաղերին գրել է. «Իրանի մեծ ժողովուրդը ոչ միայն չընկրկեց թշնամանքի, պատժամիջոցների ու պատերազմների առջև, այլև այսօր հաջողված օրինակ է դարձել աշխարհի անկախ ու ազատ ժողովուրդների համար»։
Նա հավելել է. «Դրա ապացույցն են Պաղեստինի այս օրերի իրադարձությունները։ Աշխարհի ժողովուրդը մի կողմից ականատես է լինում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ու ցեղասպանությանը՝ ԱՄՆ-ի և այլ արևմտյան առաջնորդների բացահայտ աջակցությամբ, իսկ մյուս կողմից՝ հետևում է Գազայի անպաշտպան ժողովրդի տոկունությանն ու դիմադրությանը»:
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետի ուղերձում ասված է. «Այսօր աշխարհի չորս ծայրերում մարդկային հասարակության արթնացած խիղճը ոտքի է ելել՝ փոխհատուցում պահանջելու Գազայի կանանց ու երեխաների արյան համար և նրանց իրավունքների պաշտպանության մասին կոչերը հասել են արևմտյան կառավարությունների կայսերապաշտ ղեկավարներին»: