Իրանն ու Հայաստանը պայմանավորվել են ավելացնել Մեղրիի մաքսակետից բեռնատարների երթեւեկության ծավալները
Իրանի եւ Հայաստանի մաքսային պատվիրակությունների երկկողմ համատեղ սահմանային հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց ավելացնել Մեղրիի մաքսակետից բեռնատարների երթեւեկության ծավալը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հինգշաբթի օրը Նորդոզի սահմանային մաքսատանը կազմակերպված այս համատեղ նիստին իրանական մաքսային պատվիրակությունը կարծիքներ է փոխանակել հայկական կողմի հետ տարբեր մաքսային հարցերի շուրջ։
Այս հանդիպմանը Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ատրպատականի մաքսային վերահսկողության բաժնի ղեկավարը, անդրադառնալով երկու երկրների սահմանային մաքսակետերի միջև փոխգործակցության և համագործակցության մակարդակի բարձրացմանն ու ապրանքաշրջանառության ծավալների աճին, մատնանշել է ընթացիկ տարվա յոթ ամսվա ընթացքում 121 մլն դոլար արժողությամբ ավելի քան 600 հազար տոննա ապրանքների արտահանումը, և հավելել.- «Արտահանման այս ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քաշային առումով, աճել է 82%-ով, իսկ դոլարային հաշվարկով՝ 33%-ով։
Մատնանշելով նշված ժամանակահատվածում Նորդոզի սահմանից ավելի քան 80,000 բեռնատարների երթևեկությունը և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 28 տոսկոսով աճը, Սադեղ Նամդարն ասաց, որ ներկայումս Նորդոզի սահմանից Հայաստան օրական 150-200 բեռնատար է ուղևորվում, և ակնկալվում է, որ ապագայում այդ ցուցանիշը կհասնի օրական 300 բեռնատարի։
Հայաստանի հարավային մաքսատան-վարչության պետ Արտաշես Ղամբարյանը, շնորհակալություն հայտնելով Նորդոզ մաքսատան լավ փոխգործակցության ու համագործակցության համար, մատնանշեց երկու երկրների կարողությունները տարբեր ոլորտներում՝ ընդգծելով անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման գործընթացի արագացումը՝ երկու երկրների միջև էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին համաձայնագրի իրականացման նպատակով։
Իրանի Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր, Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի փոխնախագահ Արա Շահվարդյանը նույնպես այս հանդիպման ընթացքում մատնանշեց երկու երկրների միջև 45 կմ երկարությամբ պատմական սահմանի նշանակությունը՝ կարևոր համարելով երկու կողմերի ճանապարհային ենթակառուցվածքների ապահովումը գործարար համագործակցության ընդլայնման, զբոսաշրջիկների ներգրավման և ուղևորների հետ կապված խնդիրները դյուրացնելու նպատակով, և նկատեց, որ դա կնպաստի հարավ-հյուսիս միջանցքի բարգավաճմանը։