Հարավային Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային ուժերի բախումների հարթակ. Ռայիսի
https://parstoday.ir/hy/news/iran-i211132-Հարավային_Կովկասը_չպետք_է_դառնա_արտատարածաշրջանային_ուժերի_բախումների_հարթակ._Ռայիսի
Հարավային Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային ուժերի բախումների հարթակ, հայտարարել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2023 07:20 Asia/Tehran
  •  Հարավային Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային ուժերի բախումների հարթակ. Ռայիսի

Հարավային Կովկասը չպետք է դառնա արտատարածաշրջանային ուժերի բախումների հարթակ, հայտարարել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում։

Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ,  Ռայիսին   մասնավորապես նշել է, որ Թեհրանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես խաղաղության և հանգստության կարիք ունեցող կարևոր տարածաշրջան։ Նրա խոսքով` տարածաշրջանի նկատմամբ Իրանի քաղաքական գիծը չի փոխվել, և պետք է հոգ տանել, որպեսզի Կովկասի տարածաշրջանը չդառնա արտատարածաշրջանային երկրների բախումների հարթակ։ Խնդրահարույց հարցերը պետք է լուծեն տարածաշրջանի երկրները` առանց կողմնակի միջամտության:

Ռայիսին անդրադարձել է նաև ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։ Նրա խոսքով` Իրանը աջակցում է կովկասյան տարածաշրջանում ուղիների և ենթակառուցվածքների բացման ցանկացած գործողության և հարթակի, որը կհարգի երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքը։

Իրանի նախագահը կարևորել է վերջերս Թեհրանում կայացած «3+3» հանդիպման հաջող անցկացումը` այն համարելով կառուցողական քայլ՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ու կարգավորմանը։

«3+3» ձևաչափի (իրականում՝ «հնգյակի», քանի որ Վրաստանը դեռ չի մասնակցում հարթակի աշխատանքներին) առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ հինգ երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարների մակարդակով։   Հինգ երկրների մեկ այլ հանդիպում էլ տեղի է ունեցել 2023 թվականի հոկտեմբերին Իրանում։ Հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականին։