Ռայիսի. Մարդիկ Իրանի հզորության առաջին և կարևոր բաղադրիչն են
Հինգշաբթի օրը, Գոլեստան նահանգի Գորգան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ասել է. «Իրանի հզորության առաջին և ամենակարևոր բաղադրիչը հավատացյալ, հավատարիմ և ռիսկի դիմելու պատրաստ մարդիկ են, ովքեր թշնամուն թույլ չեն տվել հասնել իր նպատակներին»:
Նշելով, որ զինված ուժերն ու աշխարհազորը նույնպես երկրի հզորության մաս են կազմում, Ռայիսին հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետության հզորության արդյունավետ և կարևոր բաղադրիչներից է նաև առաջընթացը տնտեսական, գիտական, տեխնոլոգիական, ակադեմիական ու հետազոտական ոլորտներում»:
Ընդգծելով, որ չնայած բոլոր պատժամիջոցներին ու սպառնալիքներին, իրանցի երիտասարդները մեծ առաջընթաց են գրանցել, նախագահը հավելել է. «Իսլամական հեղափոխության ուղերձը, որը ազատության ուղերձն է, այսօր հասել է ողջ տարածաշրջանին»:
Նրա խոսքով. «Իսլամական հեղափոխության ուղերձը ձևավորել է Դիմադրություն, որը փոխում է տարածաշրջանի իրավիճակը: Այսօր տարածաշրջանում ի հայտ է գալիս իրական ժողովրդական իշխանություն, որը ցանկանում է տեր կանգնել իր անկախությանը և արժանապատվությանը և չհանձնվել թշնամուն»։
Խոսելով Իրանի և տարածաշրջանի ապագայի մասին, Ռայիսին ասել է. «Ապագան Պաղեստինի ժողովրդինն է, իսկ Սիոնիստական ռեժիմը կործանվելու է: Թշնամիներին գուցե դա դուր չգա, բայց կարևորն այն է, որ Իրանի ժողովուրդը չդադարի պայքարել»: