ԱՄՆ-ի օրակարգում է Գազայի բնակիչների բռնի տեղահանումը․ ԻԻՀ նախագահ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Պաղեստինին նվիրված Թեհրանի միջազգային համաժողովում ամերիկացիների օրակարգը համարել է Գազայի բնակիչների բռնի տեղահանումը։
Պաղեստինին նվիրված Թեհրանի միջազգային համաժողովի մեկօրյա նիստին մասնակցում են ավելի քան 50 երկրների պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ, քաղաքական, կրոնական և մեդիա ոլորտի ականավոր գործիչներ։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Իբրահիմ Ռայիսին այս համաժողովում հայտարարել է, որ Պաղեստինի հարցը աշխարհում մարդկության առանցքային խնդիրն է, և իմպերիալիստական համակարգը ցանկանում է գերիշխանության ու դաժանության միջոցով ոտնահարել Պաղեստինի ժողովրդի իրավունքները՝ անտեսելով օրենքն ու մարդկությունը։

Ընդգծելով, որ ԱՄՆ-ն և սիոնիստները մարդկության դեմ հանցագործությունների համար պետք է դատվեն միջազգային դատարանում՝ Ռայիսին հավելեց, որ օկուպացմանը դիմակայելու լուծումը նախ օկուպանտին վտարելն է, երկրորդը՝ օկուպանտին պատժելը, իսկ երրորդը՝ օկուպացիայի հետևանքով վնասի հատուցումը։ Բոլոր իրավական չափորոշիչներում սա է օկուպացիային դիմակայելու լուծումը։
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ափսոսանք է հայտնել Պաղեստինի հարցում մարդու իրավունքների պաշտպանությանը հավակնող կազմակերպությունների և միջազգային կառույցների անարդյունավետության համար՝ հայտարարելով, որ Անվտանգության խորհուրդն արդեն 80 օր շարունակ ճարահատյալ վիճակում է, և չգիտի ինչ անել։
Նշելով, որ ամերիկացիները ստորագրել են Քեմփ Դեյվիդի, Շարմ ալ-Շեյխի և Օսլոյի համաձայնագրերը՝ խաղաղություն հաստատելու պատճառաբանությամբ, Ռայիսին ասել է, որ Սիոնիստական ռեժիմը խախտել է ավելի քան 400 միջազգային բանաձևեր ու հայտարարություններ՝ հավատարիմ չմնալով որևէ համաձայնագրի նկատմամբ։