«Հյուսիս–հարավի» երկաթուղային հատվածի պայմանագրի շուրջ աշխատանքը շուտով կավարտվի. Սադեղ
https://parstoday.ir/hy/news/world-i249116-Հյուսիս_հարավի_երկաթուղային_հատվածի_պայմանագրի_շուրջ_աշխատանքը_շուտով_կավարտվի._Սադեղ
Իրանը շուտով կավարտի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի՝ Ռուսաստանի մասնակցությամբ կառուցման պայմանագրի շուրջ աշխատանքը։
(last modified 2026-08-18T10:08:29+00:00 )
Օգոստոս 18, 2026 12:44 Asia/Tehran
  • «Հյուսիս–հարավի» երկաթուղային հատվածի պայմանագրի շուրջ աշխատանքը շուտով կավարտվի. Սադեղ

Իրանը շուտով կավարտի «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի՝ Ռուսաստանի մասնակցությամբ կառուցման պայմանագրի շուրջ աշխատանքը։

Այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը։

«Վերջնական պայմանագիրը դեռևս կնքված չէ։ Որոշումը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քննարկման փուլում է։ Շուտով կներկայացվի պայմանագիրը, և ռուսական համաֆինանսավորման պարագայում շահագործման հանձնումը տեղի կունենա առավելագույնը երեք տարվա ընթացքում»,- ասել է Սադեղը։

Նրա խոսքով՝ Իրանը հողատարածք է ձեռք բերել երկաթուղային հատվածի կառուցման համար։

Նա նաև հայտնել է Ռուսաստանի, Իրանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ղազախստանի մասնակցությամբ տրանսպորտային կոնսորցիումի ձևավորման մասին։

Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում ռազմական գործողությունները փոփոխություններ են մտցրել Իրանի և Ռուսաստանի միջև առանցքային ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության իրականացման մեջ։ Այս հատվածը համարվում է «Հյուսիս-հարավ» միջանցքի «բացակայող օղակը», որը երկաթուղային, ավտոմոբիլային և ծովային երթուղիների ցանցի միջոցով կապում է Իրանն ու Ռուսաստանը։ Դրա գործարկումը պետք է էապես բարձրացնի փոխադրումների արդյունավետությունը և կրճատի բեռների առաքման ժամկետները։

Հիշեցնենք` «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ի ստեղծման մասին միջազգային համաձայնագիրը ստորագրվեց 2000թ. սեպտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում: Նախագծով նախատեսվում է մոտ 7,2 հազար կիլոմետր երկարությամբ տրանսպորտային երթուղի ստեղծել, որը պետք է Իրանի և Ռուսաստանի միջոցով Բալթյան տարածաշրջանը կապի Հնդկաստանի հետ: Միջանցքի թողունակությունը գնահատվում է տարեկան 20-30 մլն տոննա բեռ։

Հայաստանը «Հյուսիս-հարավ» ՄՏՄ համաձայնագրին միացավ 2004 թվականին և երթուղուն կարող է ինտեգրվել համանուն ավտոմայրուղու կառուցման միջոցով։ Ենթադրվում է, որ Հնդկաստանից ապրանքները կհասնեն Իրան, այնուհետև՝ Հայաստան, իսկ այնտեղից դեպի Ռուսաստան կուղևորվեն նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով։