Իրանի ռազմական ակտիվացումն ինչ ազդեցություն կունենա տարածաշրջանի ու ՀՀ–ի վրա
Իրանի կողմից վերջին քայլերը Իրաքում և Սիրիայում ու ակտիվ ռազմավարություն որդեգրելը դեռ չի նշանակում, որ նրա ուշադրությունը պակասում է Հարավային Կովկասից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը` մեկնաբանելով, թե Իրանի ակտիվացումը և ռազմական գործողություններում ներգրավվելն ինչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի ու ՀՀ–ի վրա։
Նշենք, որ հունվարի 17-ին Իրանը հրթիռային հարվածներ էր հասցրել Պակիստանի «Ջեյշ օլ-Զոլմ» ահաբեկչական խմբավորման կենտրոնակայանի վրա։ Նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հյուսիսային Իրաքի քրդական շրջանում գնդակոծել էին հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները և Սիրիայում գտնվող որոշ թիրախներ, որոնք, ըստ Թեհրանի, կապված են «ԻԼԻՊ» ահաբեկչական խմբավորման հետ։ Իրանի պաշտպանության նախարար, գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց համար կապ չունի` Արևելք, թե Արևմուտք, և որ Իրանին ուղղված ցանկացած սպառնալիք ցանկացած վայրից համարժեք պատասխանի է արժանանալու։
Մելքոնյանի խոսքով` Իրանի այսպիսի պահվածքը նշանակում է, որ ինքն ունի քաղաքական կամք պաշտպանելու պրեվենտիվ իր շահերը։
«Այո, Իրանը իր որոշ իր ուժերը և ուշադրությունը կակտիվացնի Սիրիայում, Իրաքում, Եմենում Լիբանանում, բայց դա չի նշանակում, որ ինքը դա կանի Հարավային Կովկասում իր հաշիվների շնորհիվ։ Հարավային Կովկասը մնալու է իրենց տարածաշրջանային առաջնահերթությունների շարքում։ Իրանը ցույց տվեց, որ պատրաստ է պաշտպանել իր շահերը նաև իր սահմաններին մոտ` Հարավային Կովկասում»,–ասաց վերլուծաբանը։
Ասվածի օրինակը նաև Իրանի կողմից «Զանգեզուրի միջանցք» կոչվածի վերաբերյալ հայտարարություններն ու պատասխաններն են ադրբեջանական և թուրքական կողմի հայտարարություններին։
«Իրենք հիմնականում հռետորական, պաշտոնական մակարդակով ցույց են տալիս, որ ինչ էլ լինի Մերձավոր Արևելքում պահելու են իրենց դիրքերն այս տարածաշրջանում»,–նշեց նա։
Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, Մելքոնյանն ընդգծում է, որ թեպետ Իրանի հարվածն ուղղված էր «ԻԼԻՊ», սակայն իրականում հարվածների աշխարհագրությունը ցույց է տալիս, որ այն ուղված էր նաև ԱՄՆ–ի ու Իսրայելի դիրքերին Իրաքյան Քրդստանում, ահաբեկչական կազմակերպություններին, որոնք հովանավորվում են նաև Թուրքիայի կողմից և այլն։ Պատճառն այն է, որ Իրանը փաստացի սպառնալիք էր տեսնում այդ երեք պետություններից` Սիրիայից, Իրաքից և Պակիստանից։
Միևնույն ժամանակ վերլուծաբանն ընդգծում է` այժմ ո՛չ Իրանը, ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ ԱՄՆ–ն շահագրգռված չեն տարածաշրջանում մտնել լայնածավալ պատերազմի մեջ, սակայն բոլորն աշխատում են պահել իրենց «կարմիր գծերը», որը բնականաբար կարող է հանգեցնել էսկալացիայի նոր մակարդակի։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12–-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող և Իրանի կողմից աջակցվող շիական «Անսար Ալլա» (հութիների) շարժման օբյեկտներին՝ դա անվանելով որպես պատասխան Կարմիր ծովում նավարկության ազատության դեմ սպառնալիքին:
«Անսար Ալլա» բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ–Հուսին դա որակել Է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա: