Թեհրանի 13-րդ միջազգային անիմացիոն փառատոնը
Իրանի ամենահեղինակավոր կինոփառատոններից է «Թեհրանի անիմացիոն բիենալեն», որը տասներեք անգամ անցկացվել է Մանուկների և պատանիների մտավոր զարգացման կենտրոնում. Փառատոն, որը կարևոր իրադարձություն է ոչ միայն Իրանում այս ոլորտի ակտիվիստների համար, այլև կարևոր և հեղինակավոր է նաև Իրանի սահմաններից դուրս՝ սկսած անիմացիայի բնագավառում զարգացած երկրներից մինչև այն երկրները, որոնք այս արվեստի ու արդյունաբերության ոլորտում դեռևս սկսնակ են համարվում։
Փառատոնի ուժեղ կողմերից կարելի է նշել նրա ազդեցությունը Իրանի անիմացիոն ոլորտի վրա՝ գիտական և կրթական միջավայրից մինչև արտադրություն և հեռարձակում: Երիտասարդ կինոգործիչների հետ միասին, ովքեր հույս ունեն, որ իրենց աշխատանքները կցուցադրվեն փառատոնում և կներկայացվեն Իրանի և աշխարհի անիմացիոն շուկայում, նույնիսկ Իրանի անիմացիայի բնագավառի ավագներն ու հայտնի մարդիկ նույնպես ողջունում են, որ իրենց աշխատանքները ներկայացվեն Թեհրանի անիմացիոն բիենալեում: Անիմացիայի ակադեմիական հանրության ներկայացուցիչները ևս հաճախ ակտիվ ներկայություն ունեն այս միջոցառմանը, և փառատոնի հանդիպումներն ու աշխատաժողովներն անցկացվում են բարձր գիտական մակարդակով։
Թեհրանի 13-րդ միջազգային անիմացիոն փառատոնը մեկնարկել է մարտի 3-ին՝ իրանական և միջազգային մրցութային անվանակարգերի ֆիլմերի ցուցադրությամբ, ինչպես նաև «թաղիքագործության» տեխնիկայով կերպարներ ստեղծելու աշխատաժողովի անցկացմամբ։
Փառատոնի քարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Թեհրանի 13-րդ միջազգային անիմացիոն փառատոնին մասնակցելու հայտ են ներկայացրել 1000-ից ավելի ֆիլմ 71 երկրից, իսկ 522 ֆիլմ Իրանից։ Ընտրության հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո, 195 ֆիլմ համարվել է մասնակցության պահանջներին համապատասխան, որոնցից 33-ը եղել են իրանական, իսկ 162-ը՝ արտասահմանյան ֆիլմեր։
Թեհրանի 13-րդ միջազգային անիմացիոն փառատոնը, ինչպես նախորդները, անցկացվեց չորս՝ մրցութային, արտամրցութային, հատուկ ցուցադրություն և հեռանկարային անվանակարգերում:
Այս շրջանում կազմակերպիչները փորձում էին անուշադրության չմատնել բովանդակության թեման՝ տեխնիկայի և տեխնիկական հարցերի ֆոնին, քանի որ անիմացիան պետք է օգնի հանդիսատեսին լինել պատասխանատու, և սա ծանր պատասխանատվություն է, որ իր վրա է վերցրել Մանուկների ու Պատանիների մտավոր զարգացման կենտրոնը, և այս առումով ունի երկար ու բեղմնավոր անցյալ։
Միջազգային մրցույթի ժյուրիի թվում էին Ֆինլանդիայից Մայքի Կանտոլան, Չինաստանից՝ Յանտոնգ Ժուն, Ռուսաստանից՝ Ալեքսեյ Դամին, Պորտուգալիայից՝ Պեդրո Սարազինան և Իրանից՝ Հորմոզ Հաղիղին։
Հատուկ ցուցադրությունների անվանակարգը կազմվել է ոչ մրցութային ձևով՝ արվեստագետների փորձի ու գաղափարների փոխանակման հարթակ ստեղծելու նպատակով։ Այս բաժնում ցուցադրվում են տարբեր համաշխարհային փառատոններում ընտրված ստեղծագործություններ կամ հատուկ գաղափարախոսությամբ կամ ոճի գործեր։
Կրոնական անիմացիայի անվանակարգում ցուցադրվել է մեկ տասնամյակի ընթացքում ստեղծված իմաստաբանական ստեղծագործությունների ընտրանի:
Նախկին շրջանների պես, այս անգամ ևս «փառատոնների փառատոն» անվանակարգում ցուցադրվեցին միջազգային փառատոներում, այդ թվում՝ Անսիում, Զագրեբում, Հիրոսիմայում և Օտտավայում հաջողություն ունեցած մի շարք հայտնի ֆիլմեր։ Այս բաժնում դիտարկվեցին նաև Չինաստանի (Շանհայի) աշխատանքները, որոնք ներառում էին անիմացիոն արտադրություններ, կարճամետրաժ ֆիլմեր և սերիալներ:
«Պիեռ Հերբերտի» և «Ֆարնուշ Աբեդիի» ստեղծագործությունների դիտարկումը այս տարվա փառատոնի մյուս հետաքրքիր հատվածներից էր։ Պիեռ Հերբերտը կանադացի կինոռեժիսոր է, ով մասնակցել է նախորդ տարիների փառատոններին, իսկ Ֆարնուշ Աբեդին աշխարհի ամենապատվավոր իրանցի անիմացիոն ռեժիսորներից մեկն է:
Թեհրանի 13-րդ միջազգային անիմացիոն փառատոնի օրերին անցկացվել են չորս թեմաներով՝ «Թաղիքը» (Felting), «Թաղիքը և անատոմիան», «Թաղիքը և շարժումը» և «Թաղիքը և անիմացիան» մասնագիտացված աշխատաժողովներ՝ Մանուկների ու պատանիների մտավոր զարգացման կենտրոնի գեղարվեստական ու մշակութային մասնաճյուղերի ուսուցիչների համար: Չիստա Թաջվարն ու Ռադին Էբրահիմին այս աշխատաժողովների փորձագետներն էին: Փառատոնի նախորդ շրջանում էլ այս երկու արվեստագետները կազմակերպել էին վերընշված կենտրոնի անիմացիոն ֆիլմերի կերպարների 130 թաղիքե տիկնիկների ցուցադրություն։
Թեհրանի 13-րդ միջազգային անիմացիոն փառատոնի հատուկ մասնագիտացված նիստերում հյուրընկալվում էին հետաքրքրասերները միջոցառման ընթացքում։ Այդ նիստերն անցկացվեցին «Արհեստական ինտելեկտը և անիմացիայի ապագան», «Միջազգային ներկայությունը. Ստեղծագործությունների բովանդակային խնամք», «Դիտելու կախարդանքը. ակնարկ աչքի անատոմիային և դրա ազդեցությունը գեղագիտության ու անիմացիայի վրա», «Պաղեստինը՝ սուրբ երկիր», «Վաղ չինական անիմացիաների ուսումնասիրությունը պատմական տեսանկյունից» և «Իմ ճանապարհորդությունը. Ճարտարապետությունից մինչև անիմացիոն ֆիլմեր» խորագրերով՝ Պեդրո Սարազինայի ներկայությամբ և հետաքրքրասերների խանդավառ մասնակցությամբ։
******************
Թեհրանն է խոսում, ԻԻՀ ձայնն եք լսում։ Եթերում է հայերեն ռադիոժամը։
Բարեկամներ դուք լսում եք «Թեհրանում 13-րդ միջազգային անիմացիայի փառատոն»֊ի մասին պատմող հաղորդումը։
***************
Փառատոնի այս շրջանի կարևոր նիստերից էր «Արհեստական ինտելեկտը և անիմացիայի ապագան» խորագրով մասնագիտացված հանդիպումը՝ անիմացիայի և արհեստական ինտելեկտի ոլորտի փորձագետներ Ահմեդ Սոֆլայիի և Յունես Սեխավաթի մասնակցությամբ։
Յունուս Սեխավաթը, ով առցանց էր մասնակցում հանդիպմանը, ասաց. «1990-ականներին, համացանցի ի հայտ գալով, մենք բախվեցինք այնպիսի մի հեղափոխության, որն առաջացրեց լայնածավալ փոփոխություններ, և այժմ թվում է, որ մենք ականատես կլինենք ևս մեկ հեղափոխության՝ արհեստական ինտելեկտի ոլորտում։ Անդրադառնալով արհեստական ինտելեկտի ոլորտի հսկաների կողմից ուղղորդման մասին որոշ ենթադրություններին և արհեստական բանականության կողմից մարդկային հասարակություն մուտք գործելու հետ կապված որոշ մտահոգություններին, նա նշեց. «Երբ խոսում ենք արհեստական ինտելեկտի մասին, հիմնական տարբերությունը կայանում է արհեստական ինտելեկտի երկու տեսակների՝ AGI-ի և ANI-ի միջև։ AGI֊ը որոշակի արհեստական ինտելեկտի տեսակ է, որն օգտագործվում է որոշակի տիրույթում մեկ խնդիր լուծելու համար, իսկ ANI արհեստական ինտելեկտը մեկ այլ տեսակ է, որը զբաղվում է ընդհանուր խնդրով:
Արհեստական ինտելեկտի և արվեստի մասին առաջին քննարկումն այն է, թե արդյոք այն կարող է ստեղծագործ լինել, թե ոչ: Այս կապակցությամբ Սեխավաթն ասաց, որ արհեստական ինտելեկտն ունի մարդկանց կողմից նախագծված ալգորիթմի երկու մոտեցում՝ «վերևից ներքև» մոտեցումը և «ներքևից վերև» մոտեցումը կամ նմուշային տվյալների ալգորիթմները։ «Ներքևից վերև» մոտեցումը տալիս է զարմանալի արդյունքներ: Նրա խոսքով, մենք դեռ չենք հասել AGI-ների փուլին, բայց կանգնած ենք ահռելի փոփոխություններ առաջացնող արհեստական ինտելեկտի առաջ։
Այնուհետև համալսարանի դասախոս Ահմեդ Սոֆլային, մատնանշելով արհեստական ինտելեկտի կրեատիվությունն ու բնույթը, ասաց. «Շատ մարդիկ, ովքեր խոսում են արհեստական ինտելեկտի վրա անիմացիայի ազդեցության մասին, սխալ պատկերացում ունեն. Այս մոտեցմամբ նրանք գալիս են այն եզրակացության, որ արվեստագետը ավելորդ անձնավորություն է և կարծում եմ, որ ամենևին էլ այդպես չէ»։
Արհեստական ինտելեկտի զարմանքը երկարաժամկետ չի լինի. Այն կշարունակի բարձրացնել ակնկալիքների մակարդակը։ Մեզ բոլորիս անհրաժեշտ էր պրոֆեսիոնալ օգնական և գործընկեր, որը տարբեր պատճառներով հասանելի չէր։ Որոշ ժամանակ անց մենք հասկանում ենք, որ բոլորը կարող են նստել համակարգի հետևում և խոսել արհեստական ինտելեկտի հետ, իսկ այս համակարգը առաջ մղվող համակարգ է։ Այս հարցը միանշանակ ավելի ուժեղ տեխնիկա է ստեղծում պատկերի արտադրության ու մշակման բնագավառում, և բարձրացնում մտածողության, կրեատիվության, մտածելակերպի և ֆանտազիայի կարևորությունը:
Համիդ Բահրամին իրանցի ծաղրանկարիչ, դիզայներ և մուլտիպլիկատոր է, ով 15 տարի առաջ բավականին փորձ ձեռք բերելուց և բազմաթիվ գեղարվեստական ակտիվություններից հետո, արտագաղթեց Ամերիկա և սկսեց աշխատել «Cartoon Network»-ի և «Walt Disney Animation Studio»-ի հետ։ Համիդ Բահրամիի աշխատանքներում միշտ առկա է հումորային ու կատակերգական մոտեցումը, իսկ մարդկանց մեջ կատակերգական կերպարների առկայությունը և առօրյա իրադարձությունները այս արվեստագետի նկարչությունների ընդհանուր հատկություններից են, ինչը ստեղծում է խորհրդավոր ու հակասական մթնոլորտ։
Իր ուրախությունը հայտնելով այս տարվա փառատոնին մասնակցելու համար՝ Բահրամին Թեհրանի անիմացիոն փառատոնին մասնակցելու իր փորձի մասին ասաց. «Ես Թեհրանի անիմացիոն փառատոնին մասնակցել եմ առաջին շրջանից։ Վերջին տարիներին իրանական անիմացիայի մասին նորություններն ինձ հետաքրքիր էին և հետևում էի դրանց սոցիալական ցանցերում։ Դրանք դիտելու հնարավորությունն այնքան էլ չունեի և շատ էի ափսոսում դրա համար»։
Իրանում կարճամետրաժ անիմացիայի ոլորտի իրավիճակի մասին Բահրամին պարզաբանեց. «Վերջին 10 տարիներին մենք ականատես ենք եղել միջազգային ընկերությունների հետ բազմաթիվ իրանցի արվեստագետների համագործակցությունների, ովքեր հաճախ հանդես են եկել կարճամետրաժ ստեղծագործություններով, և իմ ունեցած տեղեկությունների համաձայն, իրանցի ուսանողները անիմացիայի ոլորտում ստանդարտ մակարդակի վրա են: Այս հանգամանքի ապացույցն է միջազգային փառատոներում իրանական կարճամետրաժ անիմացիաների շարունակական ներկայությունը։
Մարտի 7-ին իրանցի մանուկներն ու պատանիները ողջ երկրի տարածքում այցելեցին Մանուկների և պատանիների մտավոր զարգացման կենտրոնի մշակութային ու գեղարվեստական մասնաճյուղեր՝ անիմացիոն ֆիլմեր դիտելու համար։
Իրանում, անիմացիայի արվեստ֊արդյունաբերությունը արժեվորելու, այս ազդեցիկ արվեստի լսարանը մեծացնելու, տեսողական ու գրավոր խթանիչ աղբյուր ստեղծելու նպատակով, Մարտի 7-ը կոչվել է «Անիմացիայի օր» և այդ օրը ողջ Իրանի տարածքում նշվում է վերընշված կենտրոնի ավելի քան 1000 մշակութային ու գեղարվեստական մասնաճյուղերում։
Այդ օրը ցուցադրվեցին ռեժիսոր Աբդուլլահ Ալիմուրադի ստեղծած «Այլընտրանքներ», ռեժիսոր Ֆաթեմեհ Ջաֆարիի «Տասը տարեկան հասակում», ռեժիսոր Ամիրհասան Սահարխիզի «Անտառային երգերը», ռեժիսոր Բաբաք Նեքուիի «Օրորոցային», Սահար Յասինփուրի «Աղ», Քավեհ Քանանիի «Փուչիկն իմն է» և ռեժիսոր Ֆարնուշ Աբեդիի «Թույն սրսկող» կարճամետրաժ ֆիլմերը։ Այս ֆիլմերը նկարահանվել են 2020-ից 2023 թվականներին:
Նույն օրը տեղի ունեցած փառատոնի փակման արարողությանը ներկայացվեցին և գնահատվեցին տարբեր անվանակարգերի հաղթողները։
************************************************** ****
Թանկագին բարեկամներ, դուք լսեցիք «Թեհրանում 13-րդ միջազգային անիմացիայի փառատոն»֊ի մասին պատմող հաղորդումը։
Այս և այլ հաղորդումներին կարող եք հետևել հայրեն ռադիոժամի կայքէջի միջոցով, որի հասցեն է
ParsToday.ir/hy
Մինչ նոր հանդիպում, մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։
Մնացեք խաղաղությամբ։