Իսլամական խորհրդարանի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները դատապարտել են Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը
Իրանի իսլմական խորհրդարանի հայ, ասորի, քաղդեացի, հրեա և զրադաշտական ներկայացուցիչները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Դամասկոսում ԻԻՀ հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը։
Հայտարարության մեջ ասված է․ «Հանուն Աստծո։ Պաղեստինի և Գազայի ժողովրդի քաջությունը, զոհաբերություններն ու տառապանքները անպայման հիշվեու են իրենց իրավունքների և ազատության համար պաղեստինցիների պայքարի և Դիմադրության ճակատի պատմության մեջ։ Իսկ հազարավոր տղամարդկանց, կանանց և երեխաների անեծքն ուղղվելու է սիոնիստներին ու նրանց դաշնակիցներին: Իր իսկ դաժանությունների ու հանցագործությունների հետևանքով վիրավորված Իսրայելը հարձակվեց Իրանի դեսպանատան վրա։ Նման հանցագործությունները, որոնք համարվում են մի երկրի ինքնիշխանության լուրջ խախտում, դատապարտելի են և անպատիժ չեն մնալու։
Մենք՝ իսլամական խորհրդարանում աստվածային կրոնների ներկայացուցիչներս, և մեր համայքների բոլոր անդամները, դատապարտում ենք այս հանցագործությունը և համոզված ենք, որ իրանցի հրամանատարների ու նրանց զինակիցների սպանությունն անպատիժ չի մնա։
Հեղափոխության գերագույն առաջնորդին, Իրանի ու Սիրիայի ժողովրդին ու զոհերի ընտանիքներին ցավակցելով Իրանի և Դիմադրության ճակատի սիրելի մարտիկների նահատակութան կապակցությամբ, մենք կասկած չունենք, որ իրանցիների վճռականությունն ու միասնությունն ինչպես միշտ հպարտության առիթ կդառնա մեր հայրենիքի համար»:
Իրանի հրեական համայնքի ներկայացուցիչ՝ Հոմայուն Սամեհ Յահ Նաջաֆաբադի
Սպահանի և հարավային Իրանի հայերի ներկայացուցիչ՝ Ռոբերտ Բեգլարյան
Զրադաշտների ներկայացուցիչ՝ Էսֆանդիար Էխտիարի
Ասորի և քաղդեացի քրիստոնյաների ներկայացուցիչ՝ Չարլի Անույե Թեքե
Թեհրանի և Հյուսիսային Իրանի հայերի ներկայացուցիչ՝ Արա Շահվերդյան»։