Մայիս 04, 2024 08:33 Asia/Tehran
  • Մշակույթի ու լեզվի տարածումը հիմք է հանդիսանում փոխադարձ կապերն ավելի ամրապնդելու համար․ Մոհամմադ Մեհդի Իմանիփուր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրավերով ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրն իր պաշտոոնական այցի շրջանակում Երևանի Կապույտ մզկիթում ներկա գտնվեց Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ կազմակերպված նկարչական ցուցահանդեսին։ Բարձրաստիճան հյուրին պարսկերեն ասմունքով ու հետաքրքիր կատարումներով ողջունեցին նաև թիվ 61 դպրոցի աշակերտները, որտեղ դասավանդվում է պարսկերեն լեզուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրն իր ելույթում խորին երախտագիտություն հայտնեց այն մակավարժներին, ովքեր պարսկերեն լեզվի տարածման գործում ունեն մեծ ներդրում։ 

«Մեր պատվիրակությունը գտնվում է այստեղ, որպեսզի ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ ստորագրենք համաձայնագիր, որի շնորհիվ նոր լիցք կհաղորդվի պարսկերենի դասավանդման ու իրանական մշակույթի, գրականության տարածման գործընթացին։ Այսօր կայացած հանդիպումների ընթացքում հատուկ շեշտեցի, որ առաջին անգամ գտնելով Հայաստանում՝ ստացա բավականին մեծ տպավորություններ։ Հայաստանում ջանք ու եռանդ չի խնայվել, որպեսզի պարսկերեն լեզուն բարձր մակարդակով և հավուր պատշաճի դասավանդվի, ինչի կապակցությումբ իրանական կողմն իր երախտագիտությունն է հայտնում հայ գործընկերներին։ Հայաստանն ու Իրանը ներկայացնում են հին քաղաքակրթություններ, ողջ պատմության ընթացքում երկու բարեկամ երկրների միջև տարաձայնություններ չեն եղել, հետևաբար մշակույթի ու լեզվի տարածումը հիմք է հանդիսանում փոխադարձ կապերն ավելի ամրապնդելու համար»,- ասաց դոկտոր Իմանիփուրը։
 

ԻԻՀ իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարը պարսկերեն դասավանդող ուսուցիչներին խնդրեց ավելի շատ կարդալ իրանական գրականություն, ինչը կօգնի ավելի շատ գիտելիքներ փոխանցել աշակերտներին։ Նրա կարծիքով՝ պարսկերենն ունի այնպիսի առանձնահատկություն, որ այն շարունակական հետաքրքրություն է առաջացնում ուսումնասիրողների մոտ, ովքեր ձգտում են ավելի շատ բան իմանալ պարսկերենի ու իրանական մշակույթի մասին։

«Հատուկ երախտագիտության արժանի են նաև այն դպրոցների տնօրենները, որտեղ դասավանդվում է պարսկերեն լեզուն։ Նրանք նույնպես հանդիսանում են մշակութային դեսպաններ։ Դոկտոր Իմանիփուրի հայաստանյան այցն ունի մեծ նշանակություն։ Մենք հետագայում ևս երկկողմ կապերի ամրապնդման ականատեսն ենք լինելու։ Նախկինում էլ եղել է ուսանողների փոխանակման ծրագիր։ Այսուհետ նմանատիպ ծրագրերը կավելանան, և ավելի մեծ թվով ուսանողների հնարավորություն կտրվի վերապատրաստվել իրանական բուհերում»,- վստահեցրեց Մոհամմադ Ասադի Մովահեդը։   

Պիտակ