Ռուս-չինական բանակցությունները տևել են շուրջ 2,5 ժամ. համատեղ հայտարարություն է ընդունվել
(last modified Thu, 16 May 2024 09:23:39 GMT )
Մայիս 16, 2024 12:53 Asia/Tehran

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում կայացած բանակցություններից հետո համատեղ հայտարարություն են ընդունել համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ փաստաթուղթը նվիրված է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 75-ամյակին:

Նախագահի օգնականի խոսքով՝ սա ծավալուն փաստաթուղթ է՝ ավելի քան 30 էջ, որում «կնշվի  երկկողմ հարաբերությունների հատուկ բնույթը, կնշվեն երկկողմ կապերի ողջ համալիրի զարգացման հետագա ուղիները, կնշվի Ռուսաստանի ու Չինաստանի առաջատար դերը արդար և ժողովրդավարական աշխարհակարգի ձևավորման գործում»:

Բանակցությունների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։

Ծինփինը նշել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը քաղաքական կարգավորումն ընկալում են որպես ուկրաինական ճգնաժամի լուծման ճիշտ ուղի։

«Չինաստանի դիրքորոշումն այս հարցում հետևողական է ու հստակ, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության նորմերի ու սկզբունքների պահպանումը, բոլոր երկրների պետական ինքնիշխանության ու պետական ամբողջականության հարգումը և դրանց մտահոգությունը անվտանգության նոր, հավասարակշռված ճարտարապետության ձևավորման հարցում», - ասել է Ծինփինը:

Պուտինը զրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ի և ՉԺՀ-ի համագործակցությունը կոնյունկտուրային չէ և ուղղված չէ որևէ մեկի դեմ:

Իր հերթին՝ Սի Ծինփինը ռուս-չինական հարաբերությունները օրինակելի է անվանել երկու երկրների համար:

Ռուսաստանի նախագահը մայիսի 16-17-ը պետական այցով գտնվում է Չինաստանում: Սա երդմնակալությունից հետո Ռուսաստանի նախագահի առաջին պաշտոնական այցն է այլ երկիր:

 

Պիտակ