Չինացի գիտնականները ստեղծել են աղյուսի նոր տեսակ` Լուսնի վրա առաջին շինությունը կառուցելու համար
Չինացի գիտնականները ստեղծել են նորարարական աղյուսի տեսակ, որը, նրանց կարծիքով, կօգտագործվի ապագայում Լուսնի վրա առաջին կայանն ու շինությունը ստեղծելու համար:
Այս մասին հայտնում է Oddity Central-ը՝ նկատելով, որ Չինաստանը մեծ ծրագրեր ունի Լուսնի «նվաճման» հետ կապված: Այն դարձել է աշխարհում առաջին երկիրը, որի տիեզերական սարքը վայրէջք է կատարել Լուսնի հակառակ կողմում և լուսնային գրունտի նմուշ վերցրել՝ այն տեղափոխելով Երկիր:
Ուստի չինացի մասնագետների այս նորարարությունը միանգամյան բնական է: Այն նախատեսված է ինչպես ֆիզիկական ճնշմանը, այնպես էլ արևի ճառագայթման բարձր մակարդակին դիմակայելու համար: Այսպես կոչված, «լուսնային հողի աղյուսները» մշակել է Հուաժոնգի Գիտության և տեխնոլոգիաների համալսարանի Թվային շինարարական տեխնոլոգիաների ինովացիոն կենտրոնի փորձագետների թիմը:
Այս աղյուսների սեղմման ուժը երեք անգամ գերազանցում է սովորական կարմիր աղյուսների և բետոնե աղյուսների սեղմման ուժը, ինչը համարժեք է մեկ քառակուսի սանտիմետրում մեկ տոննայից ավելի քաշին դիմանալուն:
Բացի այդ, քանի որ Լուսինը վակուումային միջավայր է, և այնտեղ մեծ քանակությամբ տիեզերական ճառագայթում կա, հետազոտողները ցանկանում են հասկանալ, թե արդյոք աղյուսները կարող են դիմակայել տիեզերական ճառագայթման ազդեցությանը:
Աղյուսները չորեքշաբթի ուղարկվել են Երկրի ուղեծրի վրա գտնվող չինական տիեզերակայան: Դրանք փորձարկվելու են մինչև հաջորդ տարվա վերջ՝ չինացի գիտնականներին թույլ տալով հասկանալ՝ արդյոք նոր աղյուսները հարմար են Լուսնի վրա օգտագործման համար: